Հարությունյանի ձեռքում նոր օրենքը կդառնա պատիժ քաղաքացիների գլխին

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը: Անշուշտ, սույն օրենսգրքի ընդունումը եղել է ՀՀ քաղաքական էլիտայի և ՀՀ միջազգային իրավական գործընկերների, այդ թվում՝ վերազգային միջկառավարական կազամակերպությունների (Համաշխարհային բանկի, ԱՄՀ) համագործակցության և համաձայնության արդյունք:

Անշուշտ, սույն օրենսգիրքն ՀՀ հարկային օրենսդրության սպասված օրենսդրական կոդիֆիկացումն է: Չնայած մի շարք հարկատեսակների դրույքաչափերի բարձրացմանը, ՀՀ հարկային օրենսգիրքը մի շարք իրավական լծակներ և երաշխիքներ է նախատեսում տնտեսվարողների համար՝ ինչպես որոշակիացնելով որոշ հասկացությունների բովանդակությունը, այնպես էլ իրավունքների վարչական պաշտպանության ընթացակարգը համապատասխանեցնելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին 2004թ. ՀՀ օրենքի իրավակարգավորումներին (որոնք էական իրավական երաշխիքներ է նախատեսում վարչարարության ոլորտում քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության համար):

Պետք է հիշեցնենք նաև, որ Տեսչական մարմինների մասին 2014թ. դեկտեմբերի 17-ի օրենքը, այս առումով առաջինն էր, որ նախատեսեց ՊԵԿ մարմինների՝ գանգատարկման հանձնաժողովի որոշումների վարչական բողոքարկման հնարավորություն՝ կառավարության տեսչական մարմինների հանձնաժողով: Եվ այս ամենը, ինչպես նշում են իրավական և բիզնես փորձագետները, իրապես, դրական երևույթ է: Սա իրավականը:

Անցնենք իրավականից փաստացի քաղաքականությանը: Թվում է թե՝ սա մի նոր դրական իմպուլս, վարչապետի ասած «սիգնալ» կլինի տնտեսվարողների համար: Բայց մի բան է իրավական կարգավորումները, մի այլ բան է, թե ո՞վ է դրանց կիրառողը:

Այդ բարեփոխումների երաշխիքը պետք է դառնար ՊԵԿ-ը՝ յուր նախագահով: Սակայն, ինչպե՞ս: Երբ օրենքի ձևական պահանջը խախտելը դառնում է հիմք ՊԵԿ մարմինների տնտեսվարողի հետ ոչ օրենսդրական հարաբերությունների ձևավորմանը, երբ մի խումբ մանրածախ առևտրով զբաղվողների մոտ գնում են ՊԵԿ աշխատակիցները քրքրելու և ստուգելու տոպրակները կամ բացահայտելու ամենայն հայոց «ստվերին»  (ինչը ՊԵԿ-ը երկար տարիների փնտրտուքներից հետո գտավ՝ հանգրվանած մի խումբ մանրածախ առևտրով զբաղվողների «տաղավարներում»),  երբ ՊԵԿ նախագահը լրագրողի բավական կոռեկտ ձևակերպված ակնարկի տեսքով հարցին իր որդիների բիզնես արտոնությունների (նաև հնարավոր շահերի բախման) վերաբերյալ պատասխանում է՝ «թո ուրիշներն էլ անեն», «չեք ուզում էլ էս երկրում ներդրումներ չենք անի» և նմատանատիպ հուզական արտահայտություններ կամ անձնական բնույթի մի շարք սկանդալներ (որը մեզ քաղաքական առումով այդքան էլ հետաքրքիր չէ) բերում է այն հարցադրմանը, արդյո՞ք ով է ՀՀ հարկային նոր օրենսգրքի երաշխավորը:

Այստեղ արժանահիշատակ է Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀ ոստիկանության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ առ այն, որ տուգանքները մեխանիկորեն չպետք է կիրառվեն: Սա նաև ակնարկ էր ուղղված բոլոր տեսչական մարմիններին, որ ոչ միայն չչարաշահեն վարչական լծակները, այլ նաև պարզեցնեն վարչարարությունը, և քաղաքացիների ու իրավաբանական անձանց մոտ իրենց նկատմամբ վստահությունը բարձրացնեն: Քանզի արդեն մի շարք տնտեսվարողներ հասցրել էին դժգոհել ոչ միայն իրականացվող հարկային վարչարարությունից, այլ նաև Վահան Մարտիրոսյանի, Իշխան Կարապետյանի կողմից ղեկավարվող կառույցների տեսչական մարմինների վարչարարությունից: Այսինքն՝ ընդհանուր հաշվով խնդիրն ոչ միայն ՊԵԿ նախագահի մեջ է, այլ նաև, այսպես կոչված, «վարչապետի թիմի»:

Խնդիրը նաև հասարակության կողմից ընկալելի և չընկալելի լինելու մեջ չէ, ամենևին: Փորձի բացակայությունը,  թերի իրավական գիտելիքները, հստակ ձևակերպված օրակարգի և տեսլականի բացակայությունը, ոչ թափանցիկությունը, կամային գործունեություն իրականացնելու ցանկության բացակայությունը առաջ է բերում այնպիսի ռիսկերի, երբ պետության ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը դառնում է ոչ թե իրավական ռեֆորմները (զորօրինակ՝ հարկային վարչարարության), այլ տնտեսության վերահսկելի կամ կառավարելի ձեռքբերումը՝ յուրայիններ և co-ի կողմից…

 


Այս թեմայով