Հարմարվեք իշխանության խրախճանքին, իսկ սոված քնող երեխաները մեր խնդիրը չեն

Մի քանի օր է, ինչ հասարակությունը քննարկում է Փաշինյանի թիմի մարզպետների ինքնապարգևատրումների հարցը։ Հասարակության համար իրապես անհասականալի է, թե ինչու են նոր իշխանության ներկայացուցիչները ժառանգել նախկինների՝ իրենց իսկ կողմից հաճախ քննադատված պարսավելի հատկանիշները։

Բայց պարզվում է՝ նորերը նախկիններից նաև ցինիկություն և իրականությունից կտրված մեկնաբանություններ անել են սովորել։ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, երեկ լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզպետների ինքնապարգևատրման մասին, ասել է․«Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն»։

Պատկերացնու՞մ եք՝ Լիլիթ Մակունցը ցածր աշխատավարձ է համարում մարզպետների ավելի քան 650 հազար աշխատավարձը, այն դեպքում, երբ Հայաստանում հազարավոր աշխատողներ 55 հազար աշխատավարձ են ստանում և այդ աշխատավարձով ընտանիք են պահում։ Մակունցը 650 հազարը փոքր աշխատավարձ է համարում այն դեպքում, երբ 26 հազար թոշակ ստացող թոշակառուին նոր իշխանությունները աղքատ չեն համարում և զրկում են աղքատության նպաստից։

Լավ կլինի՝ Մակունցը իր այս հայտարարությունից առաջ մտաբերի հազարավոր այն երեխաներին, որոնք կիսասոված են քնում, քանի որ իրենց ծնողները չեն քայլել Նիկոլ Փաշինյանի հետ, ու չեն կարող իրենք իրենց պետության միջոցներով պարգևատրել, լավ կլինի՝ Մակունցը հիշի այն քննադատությունները, որոնք իր թիմակիցները հնչեցնում էին նախկին իշխանությունների համանման քայլերի դեպքում։ Ու թող չզարմանան, երբ հասարակության լայն զանգված չի ցանկանում ընդունել, որ 650 հազարը ցածր աշխատավարձ է։

Հ․Գ․ Իշխանությունները այլևս հասարակության աջակցության կարիքը չեն զգում՝ ԱԺ ընտրություններն արդեն անցյալում են, և սա է պատճառը, որը ամենատարբեր չինովնիկները ազատ են իրենց հրապարակային խոսքում ու ասում են իրականություն, որը թաքցնում էին այս ընթացքում։

Այս թեմայով