Հավերժ կախաղան

ՀՀԿ ԳՄ վերջին նսիտին իշխող կուսակցությունը հաստատեց, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Իրականում ՀՀԿ ԳՄ նիստի որոշումը որևէ մեկի համար նորություն չէր, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո, երբ նա հայտարարեց, որ հնարավոր է համաձայնի դառնալ վարչապետ և ավելացրել էր.«Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Այս հարցազրույցով Սերժ Սարգսյանը նաև փորձել էր հասարակությանը հույս տալ, որ ինքը այս պահին չի հեռանում, քանի որ չկա արժանի ժառանգորդ ու ինքը փորձելու է հենց այդ ժառանգորդին պատրաստել երկրի ղեկը փոխանցելու համար:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը սովորույթ ունի չկատարել իր խոստումները և եթե նա ասում է մեկ բան, ապա պետք է հասկանալ, որ նա իրականացնելու է ճիշտ դրա հակառակը: Պետք է նկատենք, որ Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետից հետո ևս չի թողնելու իշխանությունը, քանի որ այդ ժամանակ նա արդեն լիարժեք կտրած կլինի իր կապը իրականության հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակը լավագույնն է հասկանալու համար, թե ինչ է սպասվում Հայաստանին: 3-րդ ժամկետից հետո՝ Սերժ Սարգսյանը, ինչպես Պուտինը, այլևս չի կարողանա թողնել իշխանությունը ու կանի ամեն բան, որպեսզի այն իր ձեռքում պահի ցմահ:

Այնպես որ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ նախաձեռնված պայքարը, պայքար չէ Սերժ Սարգսյանի դեմ, այլ պայքար է Հայաստանի ապագայի ու զարգացման համար:

Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը կդառնա «հավերժ կախաղան» Հայաստանի համար:

 


Այս թեմայով