Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը. Սերժ Սարգսյան

Սերժ-սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: Հայաստանցի օլիմպիականներին ուղղված Հանրապետության Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ օլիմպիականներ, Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում: Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական ունակությունների հանդեպ: Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին: Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր: Դուք կարող եք և պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին: Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ և կամային բարձր որակներ: Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը: Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»:

 

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով