ՀԱՊԿ-ի ներուժը հնարավոր չէ կիրառել հայ-ադրբեջանական սահմանին. Սիդորովի պարզաբանումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը չի կարող կիրառվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Sputnik Արմենիայում կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պարզաբանելով, որ Երևանի կողմից նման դիմում չի եղել:

«Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմում չի եղել: Այդ պայմաններում ՀԱՊԿ-ի ուժային ներուժը չի կարող կիրառվել»,- ասել է Սիդորովը: ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավարը հույս է հայտնել, որ հակամարտության կողմերն ինքնուրույն իրավիճակին հանգուցալուցում կգտնեն՝ խաղաղ միջոցներով: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովն էլ հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն այդ առիթով հայտարարություն է արել:

Տիգրան Բալայանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբին տեղեկացրել է իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական զինուժի կրակոցի հետևանքով ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող է զոհվել: Օրեր առաջ էլ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով Կոթի գյուղի բնակիչ է վիրավորվել՝ 60-ամյա Սուրեն Սեփխանյանը:

Այս թեմայով