ՀԱՊԿ երկրների ղեկավարները կոչ են արել կատարել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցող երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
Հայտնի է, որ հայտարարությունն ընդունվել է Բելառուսի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունը քաղաքա-դիվանագիտական ուղիներով ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու գործում կողմերին աջակցելն է:

Համանախագահող 3 երկրների ջանքերի շնորհիվ խնդրի կարգավորման նպատակով մշակվել է սկզբունքների և բաղադրիչների ամբողջականություն որպես հիմք, որոնք արտացոլված են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության մեջ:

«Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի և իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Կողմ ենք հանդես ենք գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթնաժողովների շրջանակում ձեռք բերված  ու իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանումը ենթադրող, հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցմանն ուղղված հավելյալ քայերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը»,- ասվում է հայտարարության տեքստում:

 


Այս թեմայով