ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը

Որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը, կկայացվի դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Մինչ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար կմնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետությունների ու կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշումը կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այժմ ժամանակավոր պաշտոնակատարը դեռ կշարունակի աշխատել մինչև դեկտեմբերի 6-ը», — ասել է Պեսկովը լրագրողներին:

Ավելի վաղ «Коммерсантъ» պարբերականը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրահարույց թեմային, գրել էր, որ եթե այսօր ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշեն հերթը փոխանցել Բելառուսին, նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազաբաևը հայտարարել է.

«Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ գլխավոր քարտուղարներն ընտրվում են անդամ երկրների այբբենական հաջորդականությամբ: Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Իհարկե, Հայաստանը ցանկանում է երկարաձգել իր քարտուղարությունը: Բայց բոլոր անդամ երկրների ղեկավարներն էլ ասում են, որ մեզ պետք է նորմալ գործող ապագա քարտուղար բելառուսական կողմից»:

 

Այս թեմայով