ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քննարկվում է մի քանի թեկնածություն

Serj-sargsyan-HAPK1Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգում հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կշարունակվի այդ հարցի քննարկումը, կան տարբեր թեկնածություններ, նախագահները կքննարկեն»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք օրակարգում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը և կան արդյոք այդ պաշտոնի համար թեկնածուներ:

«Մենք ձեզ կտեղեկացնենք արդյունքների մասին»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ՀԱՊԿ վեհաժողովը: 2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլայ Բորդյուժան:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում պետք է որոշում ընդունեին գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նիստում, նոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Բորդյուժան «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել էր, որ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվել, քանի որ Ղազախստանի նախագահը հիվանդության պատճառով ներկա չի եղել։ Նա հաստատել էր նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվել, քանի որ «այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ»:

Հայաստանի ներկայացուցիչը, ռոտացիայի համաձայն, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ դեռ մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստում որոշում էր ընդունվել, որ Բորդյուժայի պաշտոնավարությունը կերկարացվի մեկ տարով: ՀԱՊԿ-ի կանոնադրությանը համապատասխան՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունները պետք է հաստատեն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, որը կառույցը ղեկավարելու է երեք տարվա ընթացքում:
ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով