ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ. Պեսկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, հարցը լուծված չէ: Աշխատանքը կշարունակվի», — ասել է նա լրագրողներին, հայտնում է «Интерфакс»-ը:

Դ.Պեսկովը մանրամասնել է, որ «ԵվրԱզԵս»-ի առաջնորդների զրույցի ընթացքում օրակարգից դուրս անդրադարձ է կատարվել այդ հարցին՝ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ, դա նորմալ պրակտիկա է, ցանկացած պետության ղեկավար կարող է հարցեր բարձրացնել, որոնք նա անհրաժեշտ է համարում»:

«Այդ պահին բանակցային սեղանի շուրջ ներկա էին ՀԱՊԿ ոչ բոլոր անդամները», — ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը երեկ հերքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է», — ասել է Ա. Եղոյանը։

Այս թեմայով