Հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք, որ իր կողքին կանգնած ենք

big_1360648852_9523480_ts1360648896Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: 

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար:

Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ:

«Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին  հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս  նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը և ընդգծել. «Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ և այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ և համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ և այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»:

Դիտվել է 239 անգամ
 


Այս թեմայով