Հանրության 54 տոկոսը ցանկանում է մտնել Ռուսաստանի կազմ

flag_of_armenia«Շատերը միամտաբար կարծում են, թե Հայաստանի ամենամեծ խնդիրն օգտակար հանածոների կամ դեպի ծով ելքի բացակայությունն է, ոմանք մտածում են, թե խնդիրը վատ իշխանություններն ու վատ ընդդիմությունն են, երրորդները գտնում են, որ Հայաստանի դեմ պայքարում են աշխարհի բոլոր մութ ուժերը, որպեսզի մենք՝ որպես բացառիկ ազգ, չզարգանանք ու չբարգավաճենք։ Բոլոր այս և չթվարկված բազմաթիվ այլ խնդիրներն իսկապես գոյություն ունեն, և յուրաքանչյուրն իր չափով արգելակում է պետության զարգացումը։ Բայց այդ խնդիրներից բացի ու գուցե դրանցից առաջ՝ կա մեկ այլ, շատ ավելի լուրջ խնդիր, որը գուցե մնացածի պատճառն է կամ պայմանավորողը։ Հայաստանը դարձել է փոքրամասնությունների երկիր՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Հայաստանում փոքրամասնություն են կազմում առողջ դատող ու ռացիոնալ մտածող մարդիկ, առաջին հերթին՝ որոշումների կայացման գործընթացում ներգրավվածները, Հայաստանում փոքրամասնություն են կազմում իրական արվեստը արմենչիկներից գերադասողները, փոքրամասնություն են կազմում նրանք, ովքեր իրապես ցանկանում են Հայաստանը տեսնել՝ որպես կայացած ժողովրդավարական պետություն, ոչ թե՝ այն պատճառով, որ դրա մեջ «քյար կա»։ Ամենակարևորն ու անդառնալին՝ Հայաստանում փոքրամասնություն են կազմում մարդիկ, ովքեր արժանապատվությունը՝ անձնական, հանրային ու պետական արժանապատվությունը, վեր են դասում ստամոքսից ու նյութականից։

Միայն ստրկամիտ հասարակության 54.4 տոկոսը կարող է ցանկանալ, որպեսզի իր՝ դեռևս գոնե խորհրդանշականորեն անկախ երկիրը միանա Ռուսաստանին, միայն այդպիսի պետությունում կարող է արևմտյան անվանումը գողացած որևէ կազմակերպություն հարցում անցկացնել ու հարցերի թվում ներառել հարցը՝ արդյոք ցանկանո՞ւմ եք միանալ Ռուսաստանին։ Ոչ միայն անցկացնել նման հարցում, այլև այդ հարցումից հետո հասարակության կողմից չարժանանալ համապատասխան վերաբերմունքի։ Սա այն պետության պատկերն Է, որտեղ նորմալ մարդիկ փոքրամասնություն են կազմում, որտեղ նվաստացումն ու ստորաքարշությունը հասցված են պետական մակարդակի, որտեղ պատրաստ են ամեն ինչի՝ իշխանությանը մնալու կամ իշխանության գալու կամ իշխանությանը սպասարկելու համար։ Հայաստանում, ի դեպ, կան նաև սեռական փոքրամասնություններ, որոնց դեմ մեր ազգայրն-ազատագրական միտքը պայքար, անողոքաբար ու առանց իրեն խնայելու։ Սակայն այո նույն մտքի ներկայացուցիչները ծպտուն չեն հանում, երբ Հայաստանը վաճառելու կամ ստրկացնելու մասին հարց պարունակող հարցում են անցկացնում, ու, երբ այդ հարցին դրական Է պատասխանում հարցվածների կեսից ավելին։ Ծպտուն չեն հանում, որովհետև վստահաբար իրենք այդ 54.4 տոկոսի մեջ են, որովհետև գիտեն, որ պետական դավաճանությունը չի ներվում և պատժվելու Է եթե ոչ՝ այսօրվա ռուսահպատակ, ապա գոնե ապագա՝ անկախ Հայաստանի սերունդների կողմից։ Մնում Է, որ մինչ այդ Հայաստանը մնա՝ որպես անկախ պետություն»,–գրում է <168Ժամ> թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով