Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հանրային վերահսկողություն՝ պետական գնումների նկատմամբ

Հանրային վերահսկողություն՝ պետական գնումների նկատմամբ

gov-1-472x265Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում պետք է ուշադրություն դարձնել նաեւ գնումների գործընթացին: Վերջինը ավելի թափանցիկ դարձնելու համար այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը՝ առավել բարելավել գնումների գործընթացը տարբեր փուլերում. «Պետք է  հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր հետաքրքրող անձի՝ տեղեկանալ գործընթացի մասին էլեկտրոնային գնումների կայքէջում, տեսնել գնումների ընթացակարգի բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի բոլոր արդյունքները, ընդունման հանձնման ակտերը, հաշիվ ապրանքագրերը»:

Վարչապետը տեղեկացրեց, որ գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով մանրամասն կտեղադրվի տեղեկատվություն, առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ:

«Նշվելու են նվազագույն և առավելագույն գները, այդ գներից ստանդարտ շեղումը , հաղթողի տվյալները: Տեղեկատվության տեղադրումը կայքում լավ հնարավորություն է՝ հանրային վերահսկողությունը մեծացնել գնումների գործընթացի նկատմամբ»,- վստահ է վարչապետը:

Վարչապետը միաժամանակ նշեց, որ չպետք է սահմանափակվել այսքանով, և հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարին մշակել ծրագրային դրույթներ, որոնք հնարավորություն կընձեռեն յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy