Հանուն ինչի են «ճռռում» Հայաստանի քաղաքացիները

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում խոսեց տնտեսական խնդիրների մասին։ Փաշինյանն իր ելույթում ասաց․«Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետև աղքատության նպաստ են ստանում: Մտածում են՝ եթե աշխատեն, նպաստից կզրկվեն: Իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Բայց լավ կլիներ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անկեղծ լիներ մարդկանց հետ ու տար իրականում այն մարդկանց անունները, ում բարեկեցության համար 350 հազար մարդ «ճռռում է»։ Այդ մարդիկ ամենևին էլ մեր թոշակառուները, մանկահասակ երեխաներն ու հաշմանդամություն ունեցողները չեն։

Հայաստանի աշխատող քաղաքացիները «ճռռում» են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամիսը մի քանի անգամ վոյաժներ ունենան։ Մարդիկ  «ճռռում» են, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրի ղեկավարի ինքնաթիռով գնա Դուշանբե կամ կնոջ հետ պետության հաշվին ԱՄՆ, մարդիկ «ճռռում» են, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարսավիրը վարչապետի օգնական աշխատի, մարդիկ «ճռռում» են, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը պետության հաշվին 2 տոկոսանոց վարկ ստանա։

Հայաստանի քաղաքացիները ևս, ի վերջո, պետք է հասկանան, թե իրենք ինչու են «ճռռում»։ Նրանք դա անում են հանուն իշխանությունների, և ոչ միայն ներկա, այլև բոլոր նախկին իշխանությունների։ Հայաստանի հասարակությունը այդպես էլ չկարողացավ ընտրել իշխանություն և պահանջատեր լինել նրա նկատմամբ։

Այս թեմայով