Հանուն բժշկուհի Շուշանիկ Բախշյանի 250 մարդ պատրաստ է մեռնել

shushanikՆախորդ տարի մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող  բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Փետրվարի 8-ին  ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երկու հարյուրից ավելի հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: 250 հղիներն ու հիվանդներ այս պահանջով դիմում էին ուղարկել Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Շուշանիկ Բախշյանը միայն օրենքի խախտմամբ կարող էր այդքան հղի և հիվանդ սպասարկել, անդրադառնանք հարցի բարոյական կողմին: Այս պահին դեռևս Շուշանիկ Բախշյանի անմեղությունը ապացուցված չէ և գուցե դատարանը մեղավոր է համարում բժշկուհուն ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար:

Ինչպես են իրենց զգալու այս դեպքում այն հղիները ովքեր ստորագրել են ի պաշտպանություն բժշկուհու: Չէ որ մահացել է նաև չծնված պտուղը, որին ևս լիարժեք մարդ  պետք է համարել և նրա մահվան համար ևս մեղավորները պետք է պատժվեն:  Պատրաստ են այդ հղիները ոչինչ չանել, եթե որևէ բժշկի պատճառով իրենք իրենց երեխաներին կորցնեն:

Հ.Գ. Հետաքրքիր է ինչպես կվարվեին ստորագրող ծնողները, եթե նրանցից մեկը կամ իրենց հարազատը լիներ Մերի Մարգարյանի փոխարեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրան գրավի դիմաց ազատ է արձակվել:

Դիտվել է 193 անգամ
 


Այս թեմայով