«Հանդիպումը դրական էր, բայց զոհեր էլի են լինելու՝ դժբախտաբար». Դավիթ Բաբայան

Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների ՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպման վերաբերյալ «Հայկական Ժամանակը» զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

– Հանդիպումից գո՞հ եք, պարոն Բաբայան, այդ հանդիպման արդյունքներով ի՞նչ եզրակացություններ է իր համար արել արցախյան կողմը:

– Ընդհանուր առմամբ՝ դրական ենք գնահատում հանդիպումը, այն առումով, որ շեշտվեց՝ շարունակական է լինելու բանակցային գոծընթացը եւ դրա մասին փաստորեն նշված է, որ շեշտը դրվելու է խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ միջազգային հանրությունն այստեղ հետեւողական քաղաքականություն է վարելու: Սա ինքնին, շատ կարեւոր զարգացում է: Բայց մյուս կողմից էլ երեւում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը ցուցադրել: Բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպումը:

– Պարոն Բաբայան, նախկինում էլ եղել են որոշակի պայմանավորվածություններ, հենց թեկուզ ամենաթարմերը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նշենք, որոնք չեն պահպանվել: Ձեր կարծիքով՝ այս պայմանավորվածություններն ինչո՞ւ պետք է պահպանվեն:

– Ժամանակը ցույց կտա: Ադրբեջանը խախտելու է հրադադարի պահպանման ռեժիմն, ու շարունակելու է աննորմալ պահվածք դրսեւորել, բայց այլընտրանք չկա, պետք է աշխատել այդ ուղղությամբ, որքան էլ որ ծանր լինի: Ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը, փաստորեն, համարվում են գերխնդիրներ, եւ դրանց պահպանումը հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային գործոն է լինելու: Ընդհանուր առմամբ հասկանալի է՝ բարդ է, ծանր է, բայց այլընտրանք չկա: Կարեւոր է, որ բանակցությունների շարունակականությունն ապահովվի ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը չի տեսնում խնդրի ուժային կարգավորման որեւէ տարբերակ:

– Հայտարարության մեջ, ճիշտ է, նշված էր, որ պետք է ջանքեր գործադրվեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, Դուք ի՞նչ եք կարծում, ո՞ր չափորոշիչով պետք է գնահատենք՝ այդ պայմանավորվածությունը պահպանվո՞մ է, թե՞ ոչ:

– Պետք է գնահատվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ներքո: Պետք է գնահատենք թե՛ քանակական առումով, թե՛ որակական: Քանակական առումով՝ պետք է նվազեցվեն խախտումների քանակը, եւ որակական առումով՝ չափորոշիչն, օրինակ, ծանր զինատեսակների կիրառման միջոցով հրադադարի ռեժիմի խախտումների վերացումն է կամ նվազեցումը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ այս ուղղությամբ, երեւում է, որ քայլեր փորձում են կատարել միջազգային հանրությունն ու եռանախագահները:

– Քանի տարի է շփման գծում լարվածությունը կա, անընդհատ զոհեր ենք ունենում, առնվազն Սերժ Սարգսյանն էլ ընդգծեց, որ պայմանավորվել են, որ հնարավորինս խուսափենք զոհերից: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ հասնել նման իրավիճակի, որ զոհեր չլինեն:

– Սա մեր ամենացավոտ տեղն է, որովհետեւ յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է, եւ յուրաքանչյուր զոհ մենք որպես անձնական ողբերգություն ենք ընդունում: Ուզում ենք, որ զոհեր չլինեն: Մեր ուզածը շատ փոքր բան է, կարծես թե, բայց նաեւ շատ մեծ է՝ միեւնույն ժամանակ: Սա իհարկե, բացառել հնարավոր չէ, եւ զոհեր էլի են լինելու, դժբախտաբար: Բայց նաեւ պետք է հասկանանք՝ մեր զինվորները պահպանում են մեր երկիրն իրենց կյանքի գնով, ու եթե նրանք չպահպանեն, լինելու են ոչ թե զոհեր, անդառնալի կորուստներ, այլ լինելու է ցեղասպանություն:

Այիսնքն՝ այլընտրանքը ցեղասպանությունն է՝ մենք սա պետք է հասկանանք եւ շահարկումների չենթարկենք այս ցավոտ խնդիրը: Իհարկե, կրկնում են, սա շատ-շատ ցավոտ խնդիր է. պատկերացրեք այն ծնողներին, ում երեխաների դագաղներն են բերում տուն… սա խայտառակ, սարսափելի վատ բան է: Բայց դրա այլընտրանքը ցեղասպանությունն է: Հիմա այդպես է ստացվել, որ այսպիսի բարդ իրավիճակում ու իրականությունում ենք մենք ապրում:

– Արցախյան կողմն այդ նպատակին հասնելու համար ի՞նչ քայլեր է անում:

– Մենք ցանկացած քայլի դիմում ենք, պարզապես պետք է հասկանալ, որ միակ խոչընդոտը՝ միակը, Ադրբեջանի բացասական դիրքորոշումն է այս հարցում: Ադրբեջանն ինքն էլ գիտի, որ նման երեւույթն ընդամենը ժամանակի խնդիր է, բայց քանի դեռ չենք հասել այդ հանգուցակետին, պետք է շարունակենք աշխատել: Ի վերջո, բանակցությունների սեղան վերադառնալը ոչ թե մեր քմահաճույքն է, այլ պարզապես տրամաբանությունն է այդպես հուշում: Եվ միջազգային հանրությունը պետք է հասկանա ու գնահատի, որ Ադրբեջանի քմահաճույքով դա տեղի չի ունենում, այնինչ սա է միակ ճանապարհը խնդիրը լուծելու, կամ ընդհանրապես պետք է բանակցություններ չլինեն: Բայց ներկայումս ունենք այն, ինչ ունենք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով