Հանգիստ նստի տեղդ, քեզ կարգին պահի. ԱԺ-ում վիճել են երկու նախկին վարչապետերը

182670Հայաստանի ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ վիճել են նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանն ու Հրանտ Բագրատյանը, հաղորդում է168.am-ը:

Ելույթի ժամանակ Բագրատյանը, խոսելով ճանապարհաշինարարության մասին, կոչ արեց ՎՊ-ին ուսումնասիրել նաեւ այս ոլորտը՝ համարելով, որ այստեղ կան կոռուպցիոն լուրջ ռիսկեր:  Նա որպես օրինակ բերեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհը՝ նշելով, թե այն տանում է դեպի Ադրբեջան ու գտնվում է կրակոցների տակ: Բայց Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց եւ ընդհատելով Բագրատյանին` ասաց. «Ես էլ եմ էդ ճանապարհներով գնում, բայց ես չեմ հանդիպել մի ճանապարհ, որ ինձ տանի ուղիղ Ադրբեջան: Չեմ հանդիպել նման բան՝ շրջանցող շատ ճանապարհներ կան՝ դրանք որակյալ են, թե որակյալ չեն, այլ հարց է, բայց չկան նման ճանապարհներ»:

Բագրատյանն էլ զայրացավ. «Հիմա կթողե՞ք խոսեմ: Չեմ հասկանում՝ Ձեր նպատակը գալ ինձ էստեղ հակաճառե՞լն է»,- դիմելով Խոսրով Հարությունյանին ասաց նա, ապա շարունակեց. «Վազաշեն-Պառավաքար տանող ճանապարհը անցնում է Ադրբեջանին կից սահմանով: Մենք ուղղակի հրաձգային կրակի տակ ենք այստեղ: Կարելի՞  է, որ ՎՊ-ն սա ուսումնասիրի: Հարյուրավոր միլիոններ ենք ծախսում, ճանապարհը փչանում է, բերում վերանորոգում են, էլի գլորվում է, ասենք Մեղրիի ճանապարհը, մաշվում է, գլորվում-գնում է, էլի բերում ասֆալտապատում ենք»: Խոսրով Հարությունանն էլ եւս մեկ անգամ ասաց, թե Բագրատյանի նշած հատվածը ունի շրջանցող ճանապարհ: «Ինչի՞ եք թույլ տալիս էս մարդուն խոսի»,- դիմելով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին ասաց Բագրատյանը:

Վերջինս փորձում էր մեղմել լարված իրավիճակը, թույլ չտալ, որ բանավեճը վերածվի կռվի, բայց ապարդյուն: «Չեմ սիրում, որ մարդ են բերում, որ իմ դեմ խոսա»,- ասաց ՀԱԿ պատգամավորը՝ նկատի ունենալով Խոսրով Հարությունյանին:

Հարությունյանն էլ իրեն չզսպեց՝ բռունցքը խփեց սեղանին ու հարգանք պահանջեց. «Ո՞վ է քեզ թույլ տվել իմ հետ տենց խոսաս: Ես էս հանձնաժողովի անդամ եմ: Քեզ ո՞վ է թույլ տվել էդ տոնով խոսես, ես էլ հանձնաժողովի անդամ եմ: Ո՞վ ես դու, որ իմ տեղը…»: Բագրատյանն էլ հակադարձեց. «Հանգիստ նստի տեղդ, քեզ կարգին պահի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 273 անգամ
 


Այս թեմայով