Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք».Նաիրա Զոհրաբյան

«Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք».Նաիրա Զոհրաբյան

Naira-ZohrabyanԱյսօր  ԱԺ-ում  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկում էր տեղի ունենում, չնայած որ շատերը շեղվում էին բուն հարցից, ետ հայաց գցելով ՏԻՄ ընտրությունների: Այդ առիթով ելույթով հանդես եկավ  ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը.« Ես այդպես չէի գերագնահատի ԿԸՀ-ի դերը ընտրությունների պատասխանատվության գործում, այնպես որ ով կլինի այնտեղ նստած, կոնկրետ մեզ համար մեծ առումով ոչինչ չի փոխում, եթե երկրում շարունակվում է գործել արատավոր ընտրական համակարգ և այդ համակարգի արատավորությունը գնալով հասցվում է ոսկերչական աստիճանի, ըստ էության, ում էլ դնենք, այնտեղ անձեր, մեծ առումով որևէ բան չի փոխվելու: Այո՛, վերջին երկու ընտրությունները՝ Գյումրիում և Վանաձորում հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական արատավոր համակարգը մեզանում որևէ շեղում՝ դեպի բնականոն ընթացք, ցույց չի տալիս։ Միգուցե ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի հանդարտվել են, իսկ սա խոսում է այն մասին, որ ընտրակեղծարարությունը կատարելագործվում է»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև այլ քաղաքական ուժերի մասին, որոնք ընտրությունների կեղծման համար հասարակությանը մեղադրեցին, թերագնահատեցին մյուս ընդդիմադիր ուժերին, և այնքան ուժ չունեցան ընդունելու իրենց պարտությունը:

«Որոշ քաղաքական ուժեր ասում էին, որ ժողովո՛ւրդ, դու արժանի չես իրենց նման հզոր, անբասիր քաղաքական, գաղափարական ուժերի, ժողովո՛ւրդ, դու ծախված ես, քեզ գնել են: Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք: Այն քաղաքական ուժերը, ովքեր կարծում էին, որ բղավելով, հայհոյելով, անիծելով, ձեռի հետ մյուս ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով, կարողանալու են իրենց տեղը քաղաքական արևի տակ ապահովել, կարծում եմ՝ համոզվեցին, որ կուսակցաշինությունը կոնկրետ աշխատանք է»,-ասաց նա՝ նշելով, թե հասկանում է՝ ձախողումն ու պարտությունը ծանր է, բայց պետք է դրա պատճառները իրենց մեջ փնտրեն:

Դիտվել է 93 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy