Հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս իշխանությունները վարում են նախկին սպասարկու քաղաքականությունը. Ավետիս Ավետիսյան

Հայ-ռուսական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն. չեն եղել ու հիմա էլ չկան,-Politik.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ Ավետիս Ավետիսյանը:

Ավետիս Ավետսյանի կարծիքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հաճոյանա ռուսական կողմին.«Դա 1991թ.-ից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանականերից սկվում է, շարունակվում 1994թ.-ի զինադադարից հետո՝ մինչև օրս: Մեր շահերը ոչ մի անգամ չեն պաշտպանվել ոչ մի իշխանության կողմից: Եթե մեր հարաբերությունները մի փոքր զարգացման միտում ունենային, գոնե գազի գնի հետ կապված փոփոխություններ կտեսնեինք: Հերիք չէ՝ չէժանացավ գազի գինը, որը հասարակության համար առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներից է, այլև թանկացավ, պարզապես այնպես արեցին, որ դա բյուջեի հաշվին լինի, և սպառողն անձամբ իր գրպանից չի տա, բայց էլի մեր գրպանից է: Անգամ այս պրիմիտիվ հարցում տեղաշարժ չեղավ: Ռուսական կողմը միշտ էլ մեր երկիրը թալանել է, թալանում է, ու, այսպես շարունակվելու դեպքում, կթալանի»:

Խոսելով նախկին ու ներկա իշխանությունների՝ հայ-ռուսական հարաբերություններում վարած քաղաքականությունների տարբերությունների մասին՝ Ավետիսյանն ասում է.«Սերժ Սարգսյանը Պուտինի մոտ միշտ գլուխը կախ էր գնում, երբ Նիկոլ Փաշինյանն է գնում, ժպտում են, գրկախառնվում են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքականությունը փոխվել է, և պահանջատիրական դիրքերից ենք հանդես գալիս: Ինչպես եղել ենք հարմարվող, այնպես էլ շարունակում ենք»:

Ավետիսյանի կարծիքով՝ Ռուսաստանն այնպիսի երկիր է, որը չի սիրում, երբ իր հետ խոսում են մարդկային, բարոյական տոնով: Նա ուժի տեսակետն է հարգում.«Մեր այդ ժպիտներն ու սելֆիները «կանցնեն», օրինակ, Կանադայի, Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Ռուսաստանի հետ հարաբերություններում հստակություն ու կտրուկություն է պետք»:

Ավետիսյանի ասում է՝ դրական տեղաշարժի համար առաջնահերթ պետք է վերանայել հայ-ռուսական այն բոլոր պայմանագրերը, որոնք ստորագրվել են 1991թ.-ից հետո.«Նախորդ իշխանությունները, լինելով իշխանությունը բռնազավթած, իրենց կլանի համար հարմար պայմանագրեր են ստորագրել, որոնք սպասարկել են ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ զուտ իրենց կլանայնին շահերը: Պետք է հստակ դրվի հարցը՝ ինչպես են այսուհետ կառուցվելու հայ-ռուսական հարաբերությունները: Մենք սպասարկող ենք դարձել Ռուսատանի շահերին միջազգային ատյաններում: Մեր դեմ ենք դուրս եկել աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը, անգամ, հարևան Վրաստանին՝ հանուն ռուսական շահի սպասարկման»:

Ամփոփելով՝ Ավետիս Ավետիսյանը արձանագրում է.«Հայ-ռուսական հարաբերություններում ներկա ու նախկին իշխանությունների վարած քաղաքականության մեջ էական, բովանդակային փոփոխություն չկա: Եթե քաղաքացիները չեն զգում իրենց վրա առօրյայում: Ու հեռանակար էլ չի երևում, որ մտածենք՝ քայլեր արել են, ու որոշ ժամանակ անց դրական արդյունք կերևա»:

Այս թեմայով