Հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի «կանգառ» կա. պետք է լուրջ աշխատանք տանել. Սուրեն Սարգսյան

 «Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան-Մայք Պոմպեո հանդիպումը: Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (պետքարտուղար-ԱԳ նախարար Պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Politik.am-ը կապ է հաստատել Սուրեն Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից.«Վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում բարձր մակարդակի հանդիպումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել: Սա խոսում է այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր օրակարգային ճգնաժամ չկա: Կա որոշակի «կանգառ», և այդ առումով լուրջ աշխատանք է պետք տանել հարաբերությունների կարգավորման համար»:

Politik.am-ը քաղաքագետից հետաքրքրվեց նաև, թե որը պետք է լինի Հայաստանի դիրքը ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների կոնտեքստում, և խնդրեց անդրադառնալ Մայք Պոմպեոյի այն հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ն հակաիրանական կոալիցիա է ստեղծելու.

«Հարևան Իրանը մեզ համար բարեկամ պետություն է: Դա նշանակում է՝ Հայաստանը չունի այլընտրանք, քան բարեկամական հարաբերություններ ունենալ Իրանի հետ: Եթե մեզ կանգնեցնեն այլընտրանքի առաջ՝ ԱՄՆ՞, թե՞ Իրան, կարծում եմ՝ պետք է կողմնորոշվենք դեպի Իրան: Բայց չեմ կարծում՝ նման հարցադրում լինի. բավականին լուրջ երևույթ կլինի, եթե հայ-իրանական հարաբերություններում որևէ խոչընդոտ առաջանա այլ պետություններով պայմանավորված: Ես վստահ եմ՝ մեզ նման այլընտրանքի առաջ չեն կանգնեցի»,-ասաց քաղաքագետը:

Հավելենք, որ այս պահին Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա:

 

Այս թեմայով