Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել

«Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարարների բողոքի ներքո», — քիչ առաջ տարածած հայտարարությամբ արձանագրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

«Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որևէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջև և ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում: Նման պայմաններում բնական է հանրության և հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որևէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար», — փաստում է ընդդիմադիր ուժը:

Կոնգրեսը իր հայտարարությամբ իշխանություններից պահանջում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնություններից և հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: — «Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի և առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը», — նաև ասված է հայտարարությունում:

«Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը և պայքարը հանուն ժողովրդավարության հետևողականորեն շարունակվելու է մինչև վերջնական հաղթանակ», — եզրափակել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

 


Այս թեմայով