«Հայրս ասաց՝ այլևս դպրոց չեմ գնա, որովհետև որոշել էին ամուսնացնել ինձ»

եզդի կինԱզգությամբ եզդի Զինան (անունը փոխված է) 21 տարեկան է, բայց արդեն երեք երեխա ունի: Նա ծնվել է 1994 թվականին Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերից մեկում: Չնայած նրան, որ Զինան այսօր ընտանիքի նվիրյալ մայր է և տանից գրեթե չի բացակայում, քանի որ երեք երեխաներին միայնակ խնամելն այնքան էլ հեշտ չէ, նա ժամանակին մեծ երազանք է ունեցել՝ դառնալ իրավաբան: Իրավաբանությունն իր համար նպատակ էր, քանի որ կարծում էր, որ այդ կերպ կկարողանար պաշտպանել եզդի կանանց իրավունքները և կդառնար նրանց խոսափողը. «Դեռ փոքր տարիքից էի ցանկանում իրավաբան դառնալ: Ես տեսնում էի, որ առօրյա կյանքում եզդի կանանց իրավունքները խախտվում են ամեն քայլափոխի: Գիտե՛ք, դա գուցե ինձ համար է խախտում, սակայն մեր համայնքում նորմալ երևույթ է: Օրինակ՝ շատ եզդիներ կարծում են, որ եզդի կանայք սովորելու, աշխատելու և հասարակական կյանքին մասնակցելու իրավունք չունեն: Ես էլ որոշել էի փոխել այս իրավիճակը: Որոշել էի ի լուր ավագ սերնդի հայտարարել, որ եզդի կինը իր դերակատարումն ունի մեր հասարակության կյանքում, և այդ դերակատարումը միայն խոհանոցում կամ գոմում չի ավարտվում: Ես հավատում էի իմ մանկական երազանքին, որ ինքս տարբերվելու եմ մյուս եզդի աղջիկներից: Հավատում էի հորս, որ նա չի կոտրվի և թույլ կտա շարունակել ուսումս Երևանում,-հուզված ասում է Զինան և նախանձով խոսում իր տարեկից հայ աղջիկների մասին:

— Ես հաճախ էի հեռուստատեսությամբ տեսնում ուսանող աղջիկներ: Նրանք այնքան գեղեցիկ էին և նման չէին մեր գյուղի աղջիկներին: Տեսնելով իրենց՝ ես ամեն բան անում էի, որ դպրոցում հրաշալի սովորեմ հայոց լեզու, պատմություն և հասարակագիտություն: Ես ինձ արդեն տեսնում էի իմ հայ ընկերների շարքերում: Ուսուցիչներս ևս ինձ գոտեպնդում էին և ամեն բան անում, որպեսզի ես շարունակեմ ուսումս: Դասարանում լավագույն սովորողն էի: Հասակակիցներս հաճախ էին ասում, թե ինչիս է պետք սովորելը, մեկ է ծնողներս հանելու են դպրոցից, ինչպես բոլոր եզդի աղջիկներին են հանում: Բայց ես ամեն անգամ նրանց ասում էի, որ հայրս ուրիշ մարդ է, և ես շարունակելու եմ ուսումս Երևանում: Սակայն իմ այս համոզմունքը հոդս ցնդեց, երբ սովորական մի օր դասից վերադարձա տուն ու տեսա, որ ինչ-որ անծանոթ մարդիկ կան մեր տանը: Մտնելով տուն՝ տեսա, որ մայրս անտրամադիր է, իսկ հայրս խոսում էր մեր հյուրերից մեկի հետ: Ինձ խնդրեցին մի բաժակ ջուր բերել մեր տարեց հյուրի համար, և ես բերեցի: Մոտ կես ժամ հետո մեր հյուրերը գնացին, իսկ ես իմ սենյակում հաջորդ օրվա դասերս էի պատրաստում,-դադարեցնում է իր պատմությունը հուզված Զինան և կարճ ժամանակ հետո շարունակում,- այդ օրը իմ երջանիկ և մանկական կյանքի վերջին օրն էր: Մայրս մտավ սենյակ և ասաց, որ հավաքեմ գրքերս: Հարցիս, թե ինչու, նա պատասխանեց, որ ես այլևս դպրոց չեմ գնալու: Այդ պահին կարծես աշխարհը փուլ գար: Փշրվեցին բոլոր երազանքներս: Հետո հայրս հաստատեց, որ այլևս դպրոց չեմ գնա, քանի որ իրենք որոշել են, որ ես ամուսնանալու եմ: Հայրս բացատրում էր, որ ինքը կխայտառակվի, եթե ես գնամ Երևան սովորելու, ու այլևս չեմ կարողանա ամուսնանալ: Հորս այդ ամենը ներշնչել էին մեր համայնքի բնակիչները: Ես ընդամենը 15 տարեկան էի, ու ծիծաղելի էր, որ համայնքի բնակիչների համար ավելի ամոթ է սովորելը, քան մանկահասակ աղջկան կնության տալը,-պատմում է Զինան և չուզենալով անդրադառնալ իր ամուսնական կյանքին` շարունակում,-   ես վստահ եմ, որ ինձ նման շատ եզդի աղջիկներ կան, որոնց երազանքները փշրվել են: Շատ կուզեմ մի օր մեր հասարակությունը հասկանա, որ բարոյական լինելը տանից դուրս գալու մեջ չէ: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ վերջին տարիներին եզդի երիտասադրների և հատկապես երիտասարդ աղջիկների ակտիվությունը: Ուզում եմ գոնե այս երիտասադրների միջոցով մեր ավագ սերունդը հասկանա, որ ավանդական կարելի է և պետք է լինել նաև կրթություն ստանալով: Տեսե՛ք, օրինակ՝ ես տեսնում եմ, որ Երևանում սովորող շատ եզդի աղջիկներ պայքարում են իրենց ժողովրդի, Շարֆադին կրոնի պահպանման համար, և այդ աղջիկները բոլորն էլ բարձրագույն են սովորել: Միևնույն ժամանակ, այս ֆոնին տեսնում եմ մեր գյուղում իմ հարևան շատ «ավանդապաշտ» եզդի երիտասարդ կանանց, որ հեռացել են իրենց կրոնից և ազգային արմատներից: Այս պահին հենց այդ երիտասարդներն են իմ հույսը և երեխաներս, որոնց անգամ կյանքիս գնով չեմ կտրի ուսումից և չեմ գորշացնի իրենց ապագան: Ի վերջո եզդի համայնքը պետք է հասկանա, որ իր փրկությունը կիրթ համայնք ունենալու մեջ է: Միայն կրթված մարդիկ կարող են ճիշտ ուղով տանել մեր ժողովրդին, հատկապես հիմա, երբ դժվարին ժամանակներ են, Իրաքի եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, ու եզդիները գրեթե հարյուր տոկոսով դուրս են մնացել իրենց բնօրրանից»,-եզրափակեց իր խոսքը Զինան:

Զրույցը վարեց  Զեմֆիրա  Քալաշյանը

«ԵԶԴԻ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» զեկույց                                                                                                 «Սինջար» եզդիների ազգային միավորում

Լուսանկարը`Փիրուզա Խալափյանի

© Medialab.am

Դիտվել է 1,199 անգամ
 


Այս թեմայով