Հայրենիքը սփյուռքի հոգևոր անվտանգության երաշխավորն է. Արա Բաբլոյան

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովի երրորդ օրվա աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան իր բացման խոսքում ամփոփեց համաժողովի նախորդ երկու օրերի աշխատանքները և ներողություն խնդրեց մասնակիցներից շոգ եղանակի համար: «Ինչպես ասում են՝ մենք որոշում ենք, Աստված տնօրինում»,-ասաց նա: Ըստ նախարարի՝ համաժողովը գերազանցեց մնացած հինգ համաժողովները:

Այսօր ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և հատկանշական համարեց, որ անկախության տոնից առաջ է տեղի ունենում համաժողովը: «Վստահ եմ, որ այս համաժողովը ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հասնող համազգային ձեռնարկ է»,-ասաց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ նմանատիպ համաժողովների անցկացումը շատ է կարևորում թե՛ Հայաստանում, թե երկրից դուրս գտնվող հայրենակիցների համար: Նա քննարկումներում կարևորեց համահայկական խորհրդի ձևավորման գաղափարը: «Հայրենիքը սփյուռքի հոգևոր անվտանգության երաշխավորն է, սփյուռքի կարևորագույն աջակիցը և շահառուն: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար, անվտանգ պետություն: Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով, մենք որդեգրել ենք ժողովրդավարության և կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել»,-ասաց նա:

 


Այս թեմայով