Հայտնի է Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի կազմը

timthumbԸնթացիկ տարվա հունվարի 24-ին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակել էր քաղաքացիական պայմանագրի մի նախագիծ, որը հուլիսի 24-ին հրապարակվեց արդեն պաշտոնապես՝ իբրև նոր քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթ: Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունն արդեն ունի կառավարման խորհուրդ, որի անդամները դեկտեմբերի 9-ին «Անի» հյուրանոցի «Անի» սրահում պատրաստվում են հանդես գալ մամուլի ասուլիսով: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր, թե քանի հոգուց է բաղկացած նոր միավորման կառավարման խորհուրդը և ովքեր են դրա անդամները: NewsBook-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ: Դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը: NewsBook-ի լրագրողը կապ հաստատեց քաղաքացիական ակտիվիստ Լենա Նազարյանի հետ, որը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը: «Դե, եթե ասված է, որ կառավարման խորհրդի կազմը պարզ կլինի դեկտեմբերի 9-ին, ուրեմն այդպես էլ կլինի, ինչո՞ւ չեք համբերում»,- ասաց Նազարյանը՝ խորհուրդ տալով դեկտեմբերի 9-ին լուսաբանել ասուլիսն ու այդպիսով ստանալ անհրաժեշտ տեղեկությունները: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կառավարման խորհրդի կազմը գաղտնի պահվում՝ ակտիվիստն ասաց, որ «գաղտնիության հարց չկա, պարզապես հայտարարությունը բոլոր լրագրողների համար է տարածվել»: Լենա Նազարյանը խուսափեց նաև պատասխանել մամուլի ասուլիսի բովանդակային մասին վերաբերվող հարցին՝ պնդելով, որ տիրապետում է ոչ ավել տեղեկությունների, քան առկա է զանգվածային լրատվության միջոցներում:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Դիտվել է 166 անգամ
 


Այս թեմայով