Հայտնի են Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները

Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ գյուղերում հունիսի 18-ին համայնքների ղեկավարների ընտրություններ էին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ Բայանդուրում գրանցված 538 ընտրողից մասնակցել են 220-ը: Միակ թեկնածուի՝ համայնքի նախկին ղեկավար Դավիդ Դավդյանի օգտին (ՀՀԿ), գրանցվել է 214 կողմ քվե, 6 դեմ:

Հովտում գրանցված 399 ընտրողից իրենց պարտքը կատարել են 265 ընտրող, նախկին գյուղապետի՝ Ավետիք Սերոբյանի օգտին գրանցվել է 151 կողմ քվե, իսկ անկուսակցական Արարատ Սահակյանի օգտին՝ 114:

Կարմրաքարում 42 ընտրողից ընտրությանը մասնակցել են 15 ընտրող: Թեկնածու Արթուր Մաթևոսյանի (ՀՀԿ) օգտին գրանցվել է 14 կողմ քվե, 1 քվե ճանաչվել է անվաներ: Արթուր Մաթևոսյանը ևս նախկինում ղեկավարել է համայնքը:

Եթե Բայանդուր և Կարմրաքար համայնքներում պայքար չկար՝ համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված էին մեկական թեկնածու, ապա թեժ պայքար կար Հովտում: «Ընտրությունները նորմալ են ընթացել: Մենք այս պահի դրությամբ բողոք կամ դժգոհություն չենք ստացել»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայությունների հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը:

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով