Հայտարարում ենք արտակարգ իրավիճակ. Կարեն Կարապետյանը՝ ՊԵԿ և ԿԲ նախագահներին

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում, մաքսակետերում տեղակայված առևտրային բանկերում ու Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում տոնական օրերը կլինեն աշխատանքային:

Այս մասին այսօր կառավարության նիստին ԿԲ նախագահին, ՊԵԿ նախագահին ու ՍԱՊԾ պետին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին:

Վարչապետը նշեց, որ նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել էր Կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսակետերում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:

«Հաշվի առնելով այդ ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների և հաճախականության կտրուկ ընդլայնումը դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ, միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը: Պարո՛ն Ջավադյան, ոնց եք նայում»,-ասաց վարչապետը:

«Իհարկե, բանկերի հետ կխոսենք, նախկինում նման պրակտիկա եղել է, եթե դրա կարիք լինի, անպայման կաշխատենք»,-ասաց Ջավադյանը:

Կարեն Կարապետյանն ասաց, որ իր կարծիքով՝ դրա կարիքը լինելու է այսօրվանից մինչև հունվարի 7-ը. «Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չզգա»:

 


Այս թեմայով