Հայկական կողմը ավելի քան 20 գյուղի տարածք է ազատագրել Նախիջևանի հատվածում

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը կրկին փայլել է իր մտքի թռիչքով: Այս անգամ նորաթուխ պատգամավորը մեծ բացահայտում է արել հանրության համար՝ պարզվում է Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մենք 20 հազար հեկտար տարածք ենք ազատագրել Նախիջևանի հատվածում.

«Ոչ, մենք չունեցանք տարածքային կորուստներ, մենք այդ 800 հեկտարի նկատմամբ վերահսկողության խնդիր ունենք։ Ու եթե հիմա մենք սկսենք հեկտարներով հաշվել, ապա Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջեւանի հատվածում»,-հայտարարել է պատգամավորը «Հրապարակ» թերթի հետ զրույցում:

Նախիջևանի հատվածում վերջին անգամ ռազմական ակտիվություն է եղել 2014 թվականի ամռանը և այո այդ ժամանակ հայկական ուժերը կարողացել են մեկ բարձրունք ազատագրել, սակայն դա առավելագույնը 20 հեկտար կարող է կազմել ու պատգամավորի հայտարարած թվին հասնելու համար անհրաժեշտ էր ևս 999 նման բարձրունք գրավել: Հասկանալու համար, թե ինչ տարածքի մասին է խոսքը տեսնենք, թե որքան տարածք են զբաղեցնում մի շարք բնակավայրեր Հայաստանում՝ Արտաշատ քաղաքը, օրինակ զբաղեցնում է 12 հազար հեկտար տարածք, Աշտարակ քաղաքը 7500 հեկտար, Ապարան քաղաքը մոտ 3000 հեկտար տարածք է զբազեցնում, իսկ ահա օրինակ՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքը, որն ունի ավելի քան 4000 բնակիչ զբաղեցնում է 1000 հեկտարից մի փոքր քիչ տարածք: Ու հիմա ստացվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հայկական բանակը ազատագրել է 20 գյուղի տարածք ու դրա մասին որևէ մեկը չի իմացել, ավելին անգամ ռազմական գործողությունները աննկատ են անցել:

Միհրան Հակոբյանի այս հայտարարությունը շատ նման է հյուսիսկորեական պրոպագանդայի: Ու տեղին է հիշել, որ ըստ հյուսիսկորեացիների իրենց ֆուտբոլի հավաքականն էլ նույն 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն 8:1 հաշվով պարտության մատնելով Բրազիլիայի հավաքականին: Այնպես որ, պետք չէ զարմանալ Միհրան Հակոբյանի հայտարարությունից:

Այս թեմայով