Հայերի թիվն աճել է Դուբայում. Հայաստանը հյուպատոսություն կբացի

shutterstock_238876258Կառավարության վաղվա նիստի օրակարգում ԱԳՆ-ն ներառել է ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին:

Ըստ փաստաթղթի հիմնավորման` Հայաստանի Հանրապետության և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է:

Ըստ տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները:

Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:

Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

Դիտվել է 173 անգամ
 


Այս թեմայով