Հայերիս համար աշխարհն ավելի լավը դարձավ… Սերժ Սարգսյան

2(104)Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ: ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի արդյունքներին, ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին ու ընտրական օրենսգրքի մշակման ընթացքին, իրավական նոր և բարեփոխված կարգավորումներով Հայաստանում անցկացվելիք հետագա ընտրություններին, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ: Հանդիպման ավարտին Նախագահը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում.«Թերևս ամենաերաշխավորված ներդրումը կրթության մեջ կատարված ներդրումն է. այն մնայուն է` ամբողջ կյանքի համար:

Հարվարդի համալսարանը դրել է որակյալ կրթության ավանդույթների մի բացառիկ նշաձող` իր ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ լաբորատորիաներով, հետազոտական կենտրոններով, գրադարաններով և ամենակարևորը` մարդկային ներուժով:

Ուրախ եմ, որ այսօր հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու այս համալսարանում և այստեղ ստացած հիմնավոր գիտելիքները ծառայեցնելու մարդկության առաջընթացին, Հայաստանի ամրապնդմանն ու հասարակության բարգավաճման խնդիրներին»,-գրել է ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահի ելույթը Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում

Հարգելի՛ դասախոսներ, ուսանողներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծագույն հաճույք է հյուրընկալվել այս հեղինակավոր կրթօջախում: Ազատության հողում ծնունդ առած՝ ԱՄՆ-ի ամենապայծառ նախագահներից մեկի` Ջոն Քենեդու անունը կրող այս դպրոցում մշակվում են գաղափարներ, որոնք նյութականանում են ու վերածվում քաղաքականության ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև նրա սահմաններից դուրս: Անհերքելի է, որ տասնամյակներ շարունակ այստեղ կրթություն ստացած հարյուրավոր առաջնորդներ՝ պետական և հասարակական գործիչներ, գիտնականներ և լրագրողներ իրենց ծանրակշիռ ազդեցությունն են թողել թե՛ ազգային, թե՛ գլոբալ նշանակության խնդիրներում:

Ուրախալի է, որ Քենեդու դպրոցը Հարվարդի համալսարանի ամենամիջազգայնացված դպրոցն է: Վերջին տարիներին դպրոցում ուսանում են 115 երկրներ ներկայացնող ուսանողներ, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնելու Քենեդու դպրոցի գիտական մտքի ազդեցության աշխարհագրությունը: Վստահ եմ, որ դպրոցի իրական հարստությունը նրա ուսանողներն են, մարդիկ, ովքեր կրթվում են` «Հարցրու, թե ի՞նչ կարող ես անել ինքդ» կարգախոսի ներքո և փորձում են աշխարհը փոխել դեպի լավը:

Հայերիս համար աշխարհն ավելի լավը դարձավ, երբ 25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի քան 600-ամյա դադարից հետո: Առհասարակ, հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը կարելի է ամփոփել որպես «պայքար հանուն ազատության»` քաղաքական ազատության, կրոնական ազատության, սեփական հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության: 1991-ին անկախության նվաճմամբ վեր հառնեց մեր նոր պետությունը, և սկիզբ առան նոր մարտահրավերներ՝ պայմանավորված թե՛ պետականության կայացման պատասխանատվությամբ և թե՛ կոնկրետ արտաքին քաղաքական սպառնալիքներով:

Մեր գերխնդիրն էր կառուցել մեր պետության հիմնասյուները ժողովրդավարության պահանջներին, իսկ տնտեսությունը` բաց շուկայական հարաբերություններին համահունչ: Միևնույն ժամանակ պետք է հաղթահարեինք 1988-ի ավերիչ երկրաշարժի, մեզ պարտադրված պատերազմի, հարևանների կողմից տնտեսական շրջափակման հետևանքները: Մենք դուրս էինք եկել մի ճամփորդության՝ բազմաթիվ անանցանելի թվացող նեղուցներով:

Ներքին կյանքի առումով այսօր ինձ համար, թերևս, ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է և ակտիվ քաղաքացիական հասարակությունը: Կարծում եմ, որ այս դպրոցի տանիքի ներքո առավել քան ընկալելի է պետական ինստիտուտների կողմից արդյունավետ որոշումներ կայացնելու մեխանիզմների կարևորությունը: Այսօր Հայաստանում լայն թափով ընթացող ներքին բարեփոխումները հենց այդպիսի մեխանիզմներ ստեղծելու նպատակ ունեն: Այս հարցում մեր նպատակներին հասնելու համար մենք ինտենսիվորեն համագործակցում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի անկախության քառորդ դարը մենք ճանապարհ ենք դնում մեր պետականության ողնաշարը հանդիսացող Սահմանադրության բարեփոխումներով: Անցյալ տարի, անկախացումից ի վեր երկրորդ անգամ, մենք կատարեցինք սահմանադրական փոփոխություններ, որոնք բեկումնային եմ համարում, քանի որ նորացված Սահմանադրությամբ մենք անցում ենք կատարում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի՝ նոր էջ բացելով քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք եղել երկրում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացին:

Ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ ենք անում իրականության մեջ: Միանգամից պատասխանեմ. մենք ցանկանում ենք ունենալ ավելի արդյունավետ կառավարում: Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջև ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ և այն պետք է լիարժեքորեն իրացնենք:

Իհարկե, կան արտաքին անբարենպաստ հանգամանքներ. փակ սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գլոբալ տնտեսական հիմնախնդիրներ, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում և այլն, բայց մեր խնդիրների լուծումը առաջին հերթին մենք տեսնում ենք երկրի ներսում: Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին և հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից: Իհարկե, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ և բարեկամներ և շատ թանկ ենք գնահատում մեր համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերում, բայց, կրկնում եմ՝ ավելի բարեկեցիկ և ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է: Եվ մենք դա հստակ գիտակցում ենք:

Բնականաբար սրան զուգահեռ մենք հետևողական քայլեր ենք կատարում տնտեսական ոլորտում: Այստեղ մեզ համար զարգացման մոդել են հանդիսանում ազատ շուկայական սկզբունքներով գործող տնտեսությունները: Փորձում ենք օգտագործել տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները` մի կողմից ապավինելով մեր մրցակցային առավելությանը, որի հենքը մարդկային կապիտալն է, իսկ մյուս կողմից` համատեղելով ինտեգրացիոն տարբեր գործընթացներ:
Ակնհայտ է, որ Հայաստանի փոքր շուկան, որքան էլ որ երկրի տնտեսական միջավայրը ազատականացված, իսկ ֆինանսական համակարգը առողջ լինի, արտաքին խոշոր տնտեսական գործընկերներին հետաքրքիր լինելու համար պետք է ինտեգրված լինի առավել մեծ տնտեսական համագործակցության ձևաչափերում: Այս իրողությունը հստակ գիտակցելով՝ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը:

Անշուշտ, մեզ դա չի խանգարում բնականոն կերպով ընդլայնել մեր համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ խոր գործակցություն ծավալել տնտեսական բարեփոխումների ոլորտում:
Հայաստանի համար շատ դրական զարգացում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը: Հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարարների համար լավ ճանաչելի 77 միլիոնանոց շուկայում:

Հարևան պետությունների հետ փորձում ենք էներգետիկ և տրանսպորտային համատեղ ծրագրեր առաջ տանել: Նախաձեռնել ենք մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր. մեր երկրի հյուսիսը հարավին կապող ժամանակակից մայրուղի ենք կառուցում, իրանական կողմի հետ քննարկում ենք ՀայաստանԻրան երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերը, ակտիվ ներգրավված ենք ԵԱՏՄ-«Մետաքսի ճանապարհ» համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացում: Նման նախաձեռնություններով Հայաստանը փորձում է մեղմել իր արևելյան և արևմտյան հարևանների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ապօրինի շրջափակման վնասները:

Մեր որոշ հարևաններ այսօր էլ չեն հրաժարվում տնտեսական շանտաժի քաղաքականությունից: Դրա հետևանքն են տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, իսկ Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա պետական սահմանն է: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության մաքսային միության անդամ է, նշանակում է՝ փակ է այդ երկու կառույցների հետ արդյունավետ գործընկերություն զարգացնող Հայաստանի սահմանը:

Գաղտնիք չէ, որ միջազգային հարաբերություններում տնտեսությունը առանցքային գործոն է, և հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են թելադրում քաղաքական օրակարգը: Այդուհանդերձ, մի բան միանշանակ է` տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել, տնտեսական դիվանագիտությունը զարգացման գործիք է, համագործակցության, ինտեգրման գործիք է: Տնտեսական համագործակցությունը, հատկապես հակամարտության գոտիներում, վստահության կառուցման լավագույն հնարավորություններից է, ինչը դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհն է: Եվրոպայի պատմությունը մեզ համար դրա լավագույն օրինակն է:

Հարգելի՛ ներկաներ,

Անկախության առաջին իսկ օրից մենք պայքարում ենք հանուն անվտանգության և խաղաղության: Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անընդմեջ բարձրացվող պահանջը 1990-ականներին վերափոխվեց հետխորհրդային ամենաարյունալի պատերազմի: Միջազգային և ներպետական օրենսդրությամբ իրենց սահմանադրական իրավունքը իրացնելու փորձ կատարած ժողովրդին հակադրեցին զենք, բռնի ուժ, էթնիկ զտումներ:

1994-ի զինադադարից անցել է 22 տարի, սակայն այսօր էլ Հայաստանի պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներն գտնվում են ամենօրյա կրակի սպառնալիքի ներքո: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեժիմը օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: Կարծում եմ`միջազգային հարաբերությունների տեսությունից ձեզ ծանոթ է այս վարքագիծը: Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը և հանդգնորեն պարծենում դրանով, հրապարակավ մեղադրում են միջնորդներին անգործության մեջ և սեփական ժողովրդի մոտ հերոսանում դրանով, շփման գծում անվտանգության միջոցառումներն ամրապնդելու՝ Մինսկի խմբի առաջարկն անվանում են տարօրինակ և զարմանում դրանից:

Ղարաբաղի համատեքստում շատ է շահարկվում «օկուպացիա» բառը: Պատմական էքսկուրս չեմ ուզում կատարել, պարզապես մի փոքր դիտարկում անեմ: «Օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել: Բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921թ.-ին Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա: Ավելին, այդ շռայլ նվերը ստանալուց հետո Ադրբեջանը, փոխանակ բնականոն պայմաններ ստեղծեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, կիրառեր փափուկ ուժին բնորոշ գործիքներ, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեց, որ խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես առաջինն ընդվզեց հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Արդյո՞ք լավ կյանքից էր: Ի դեպ, պատահական չէ, որ 1988 թվականի ընդվզումն այնքան ուժգին էր, որ ԽՍՀՄ փլուզման սկիզբը ընդունված է ասոցացնել հենց Ղարաբաղյան շարժման հետ: Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետևաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի:

Հայերը իրենց մաշկի վրա էին զգում Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իսպառ հայաթափման քաղաքականության ազդեցությունը: Չէ՞ որ արդեն կար մեկ այլ հայաբնակ շրջանի` Նախիջևանի հայաթափման դառը փորձը: Բավական չէ, որ այս շրջանը հայաթափվեց, 2005 թվականին էլ մի ամբողջ մշակութային ժառանգություն` Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվեցին: Այսօր միջնադարյան այդ հոյակերտ հարստությունից ոչ մի հատիկ, ոչ մի փշուր չի մնացել: Մաքրվել է շրջանը հայերից և հայկական մշակութային հետքից:

Այսօր բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում են դիտարկում Լեռնային Ղարաբաղը, անուղղակիորեն հավանություն են տալիս «բաժանելու և տիրելու» ստալինյան դաժան, միլիոնավոր ընտանիքների զրկանքներ ու դժբախտություն պատճառած քաղաքականությանը:

Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է: Այնպիսի զավեշտի է ամեն ինչ հասել, որ թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիների: Անկախ նրանից, թե հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ են, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է: Սրանով հանդերձ՝ խոստանում են ապահովել հայերի անվտանգությունը, եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ: Ի՞նչի հիման վրա Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա այս դրույթին:

Մենք առերեսվել ենք մի իրավիճակի, որտեղ բանակցությունների մասին մեր հարևան պետության ընկալումները շատ հեռու են ժամանակակից պատկերացումներից: Համոզված եմ, որ Հարվարդում բանակցությունները ամենապահանջված և ամենադասավանդված առարկաներից է: Վստահ եմ՝ ձեզ այստեղ սովորեցնում են, որ ցանկացած բանակցությունների դրական ելքի համար անհրաժեշտ է առնվազն փոխզիջում: Անհնարին է մաքսիմալիստական և միակողմանի պահանջներով հասնել որևէ խնդրի հանգուցալուծման: Բայց որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցելիս, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը այն դեպքում, երբ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ պարտավորություն՝ միջազգային պարտավորություն:

Վստահ եմ, որ իմ` որպես շահագրգիռ կողմի մոտեցումները շատերդ կասկածանքով եք ընդունելու: Միանգամայն նորմալ է ակադեմիական հասարակության համար: Կասկածելիությունը գիտության շարժիչն է: Գտնվելով այս հաստատությունում՝ ուզում եմ օգտվել առիթից և ձեզ դիմել առաջարկով: Կխնդրեի պարոն Էլիսոնին դիտարկել Քենեդու դպրոցի Քաղաքականության ինստիտուտում մի հետազոտություն իրականացնելու հնարավորությունը, որը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլի հրապարակումները, գիտական հոդվածերը, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, երկու կողմի հասարակական կազմակերպությունների զեկույցները, եթե, իհարկե, այդպիսիք դեռ կան Ադրբեջանում, և գալ սեփական եզրակացության: Ես չեմ ասում կուրորեն հավատացեք իմ խոսքին, ուսումնասիրեք և տեսեք՝ ո՞վ է պատերազմ քարոզում, ո՞վ է սահմանային լարվածություն հրահրում, ո՞վ է ատելություն քարոզում, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլև հենց հայ ժողովրդի դեմ: Ինչո՞ւ եմ սա շեշտում. ենթադրենք վաղը իշխանությունները համաձայնության եկան. ինչպե՞ս են հաշտվելու իրար ատող հասարակությունները: Կարծում եմ՝ հետազոտության բացահայտումները շատ հետաքրքրական կլինեն, այդ թվում նաև մեզ համար:

Հարգելի՛ ներկաներ,

Նախագահ Քենեդին ասում էր՝ մարդկությունը պարտավոր է վերջ դնել պատերազմներին, քանի դեռ պատերազմները վերջ չեն դրել մարդկությանը: Ցավոք, այս արտահայտությունը շարունակում է արդիական մնալ 21-րդ դարում:

Մերձավոր Արևելքի ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մերօրյա համաշխարհայնացված մոլորակում չկան առանձին մարտահրավերներ: Մերձավորարևելյան ճգնաժամը, մասնավորապես՝ Սիրիայում կատարվածը մեր աչքի առջև վերաճեց գլոբալ մարդասիրական աղետի՝ նոր մարտահրավերներ նետելով բոլորիս։ Այն եկավ կրկին ահազանգելու, որ այլևս սահմանները չեն բաժանում՝ դրանք միավորում են, որ այլևս «նրանք»-ը «մենք»-ի մի մասն է, որ այն, որ «մեր գործը չէր» և այն, որ «հեռու էր», այսօր մեր գործն է։ Եվ փախստականների ճգնաժամը դրա վառ դրսևորումը եղավ. այն դարձել է համաեվրոպական խնդիր, որ մարտահրավեր է նետել անգամ Եվրոպական միության համերաշխությանն ու կայունությանը, այն դարձել է ամենօրյա սպառնալիք, որ ահռելի ռեսուրսներ է կլանում։ Մերձավորարևելյան ճգնաժամի սոսկալի հետևանքներից մեկն էլ միջազգային ահաբեկչության ընդլայնումն ու տարածումն է. 2015թ. նոյեմբերին Փարիզում և օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունները, ինչպես և երեք տարի առաջ այս հրաշագեղ քաղաքում մարաթոնի ժամանակ հնչած պայթյունները, կրկին վկայեցին, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, այլ առաջնորդվում է մեկ հիմնական սկզբունքով՝ ոչնչացնել քաղաքակիրթ մարդկության կողմից ստեղծված բարիքներն ու արժեքները: Հետևաբար, այս չարիքի նկատմամբ հաղթանակը երաշխավորված կարող է լինել միջազգային հանրության հավաքական կամքի և հետևողական ջանքերի համադրման շնորհիվ միայն:

Հայաստանը նույնպես իր աշխարհագրական դիրքով և պատմական հանգամանքներով սերտորեն առնչվում է Մերձավորարևելյան խնդրին։ Մենք սեփական մաշկի վրա ենք զգում դրա ողջ ողբերգականությունը։

Հակամարտությունից անմաս չեն մնում Մերձավոր Արևելքում բնակվող տասնյակ հազարավոր հայեր, որոնք 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են. նրանք ստիպված են կիսել իրենց նախորդների ճակատագիրը, կրկին լքել իրենց տունը։ Հայաստանն արդեն իսկ ընդունել է Սիրիայի շուրջ 20 հազար քաղաքացիների։ Այս ցուցանիշով Հայաստանը երկրորդն է Եվրոպայում բնակչության մեկ շնչին հասնող ցուցանիշով:

Սակայն սա հարցի միայն մի կողմն է․ այսօր արդեն դժվար է ներկայով խոսել Մերձավոր Արևելքում քրիստոնեական, այդ թվում նաև հայկական հարուստ հոգևորմշակութային ժառանգության մասին, որը դարերով հարստացրել ու բազմազանեցրել է տարածաշրջանի մշակութային ներկապնակը։ Դատարկվում է Մերձավոր Արևելքը քրիստոնյաներից և քրիստոնեական ժառանգությունից:

Մի բան հստակ է, որ ներկայիս փախստականների ճգնաժամի հաղթահարման բանալին դրա բռնկման հիմնապատճառները վերացնելու մեջ է՝ Սիրիայում համապարփակ և տևական խաղաղության հաստատման տեսքով: Միջազգային հանրությունը պետք է լինի միասնական: Այս առումով ռուս-ամերիկյան համաձայնությունը Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով մեծապես ողջունելի էր մեզ համար: Եթե չլիներ այս համագործակցությունը՝ Սիրիայի հրադադարը, թեև երերուն, վստահաբար այսօր չէր լինի: Նույնը համոզված կարող եմ ասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության մասին:

Որպես փոքր պետություն՝ մենք մնում ենք այն համոզման, որ պետք է անենք հնարավորը՝ նպաստելու գերտերությունների համագործակցությանը: Մեր արտաքին քաղաքականության մոդելը հիմնված է տարբեր ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքի վրա: Մենք չենք փորձում այսրոպեական օգուտներ քաղել խոշոր դերակատարների հակասություններից:

Արտաքին քաղաքական մեր այս մոդելը, իհարկե, ունի նաև իր պատմական արմատները: Դեռ 20-րդ դարասկզբին, երբ գերտերություններն ընկան, ինչպես Գրահամ Էլիսոնը կասեր` Թուքիդիդեսի ծուղակը, և սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Հայաստանը բարձր գին վճարեց դրա դիմաց. Օսմանյան կայսրությունը պատերազմի քողի ներքո իրականացրեց հայերի ցեղասպանությունը: Մենք, իհարկե, ոչինչ չէինք կարող անել գերտերություններին այդ ծուղակից հետ պահելու համար, բայց սա մի պատկերավոր օրինակ է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մեծերի բախումը փոքրերի համար: Ցանկացած փոքր ազգի համար այն ուղղակի կամ անուղղակի ցավագին հետևանքներ է ունենում, հաճախ անդառնալի կորուստներով:

Այդպիսի անդառնալի կորուստ էր հայերին պատուհասած ցեղասպանությունը: Այսօր աշխարհը ճանաչում և դատապարտում է այդ ոճիրը, սակայն մեզ համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից ճանաչումը և սեփական պատմությանն առերեսումը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ հայ-թուրքական հաշտեցումը վերևից չի գալու: Թուրքական իշխանությունները գնացին պատմության ակնհայտ կեղծման ճանապարհով: Խոսքս ցեղասպանությունը հերքելու մասին չէ: 2015 թվականին Թուրքիայի իշխանությունները հանկարծ որոշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր օրը՝ ապրիլի 24-ին, պետք է տոնեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որը սովորաբար նշվում է մարտ ամսին: Իհարկե, սա կատարյալ ցինիզմ էր և հայ ազգի համար խորհրդանշական այդ օրը ձախողելու անհաջող փորձ:

Այդուհանդերձ, դրան զուգահեռ ինձ ուրախացնում է կամ չի կարող գոնե հույս չներշնչել, որ որքան Թուրքիայի իշխանությունները ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին: Այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում և ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը: Համոզված եմ, որ այդ օրը, անպայման, գալու է:

Տեղյակ եմ, որ Հայաստանից դուրս այսօր այնպիսի պարզունակ պատկերացում կա, թե իբր հայերը ուրախանում են, երբ Թուրքիայում վատ բաներ են կատարվում, օրինակ, երբ թուրքական ուժային կառույցները հրետակոծում են քրդաբնակ քաղաքներ ու այլ բնակավայրեր, կամ երբ Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում: Դա անհեթեթություն է: Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով: Ազգային ու կրոնական փոքրամասնությունները չեն դիտվի որպես երկրորդ կամ երրորդ կարգ: Ցավոք, այսօր մեր հարևանների հասարակական-քաղաքական կյանքում հակառակ միտումներն ենք տեսնում, և դա մտահոգիչ է մեզ համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Գտնվելով ԱՄՆ-ում՝ չեմ կարող չանդրադառնալ նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններին: Մեր գործընկերությունը հետաքրքիր էվոլյուցիոն զարգացում է ապրել: ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որ դեսպանություն բացեց Հայաստանում և սկսեց օգնության ծրագրեր իրականացնել: Դրանից անցել է 25 տարի, և այսօր ԱՄՆ-ի հետ մենք ունենք համագործակցության հարուստ օրակարգ` երկխոսություն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով, սերտ համագործակցություն տնտեսության և ժողովրդավարության զարգացման, հումանիտար, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում: ԱՄՆ-ի հետ մեզ կամրջող կարևորագույն գործոն է ամերիկահայությունը, որը հայկական սփյուռքի ամենածաղկուն և ամենամեծ համայնքներից է: Այս ամենի արդյունքում, մեր գնահատմամբ, երկկողմ գործընկերությունն այժմ գտնվում է պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա:

Հարգելի՛ ներկաներ,

Այստեղից ես մեկնելու եմ Վաշինգտոն՝ Նախագահ Օբամայի հրավերով մասնակցելու միջուկային գագաթնաժողովին: Հպարտությամբ եմ արձանագրում, որ անկախության անցած 25 տարիներին Հայաստանը արտաքին աշխարհի օգնությամբ ապրող երկրից վերածվել է աշխարհի խաղաղության գործում ներդրում ունեցող երկրի: Այսօր մեր խաղաղապահները Աֆղանստանում են, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ:

Մենք դեռևս անցնելու ճանապարհ ունենք կայուն ժողովրդավարության հասնելու համար: Սակայն այս 25 տարվա ձեռքբերումներով մենք ամփոփում և փակում ենք մեր պատմության, այսպես ասած, «նորանկախ պետության» էջը և հավատով ենք մտնում «հասունության» փուլ:
Շնորհակալություն ուշադրության համար:

 

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով