Հայերը կսպասեն. Ռուսաստանը $20 մլրդ. ատոմակայան կկառուցի Թուրքիայում

arm138537360663Ռուսաստանում ընդունելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել էր
Թուրքիայում ատոմակայան կառուցելու 20 միլիարդ դոլարանոց ծրագրի մասին, որ Ռուսաստանը պետք է իրականացնի Թուրքիայի հետ համատեղ:

Ռուսաստանը ատոմակայան կառուցելու համաձայնագիր ունի նաև Հայաստանի հետ, որում, սակայն, Մոսկվան շատ ավելի համեստ է՝ մոտ քսան անգամ ավելի համեստ: Հայաստանի ատոմակայանի համար Մոսկվան պատրաստակամություն է հայտնում ընդամենը 1 միլիարդ դոլար տրամադրել՝ այն դեպքում, երբ Հայաստանի ատոմակայանի ընդհանուր արժեքը՝ նոր ատոմակայանի, կազմում է մոտ 5 միլիարդ դոլար: Այսինքն՝ թուրքական պրոյեկտից չորս անգամ էժան հայկական ատոմակայանի նախագծում Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում ներդնել գրեթե քսան անգամ ավելի քիչ, քան չորս անգամ ավելի թանկ թուրքական նախագծում:

Այն, որ ատոմակայանը զուտ էներգետիկա չէ, այլ նաև մեծ քաղաքականություն, առավել ևս, որ մեծ քաղաքականությունն ընդհանրապես չի դիտարկվում առանց էներգետիկայի՝ գաղտնիք չէ ոչ մեկի համար: Այս տեսանկյունից Հայաստանի համար շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցումը, քանի որ հինը հնարավոր չէր հավերժ շահագործել: Սակայն նորը չի կառուցվում: Նոր ատոմակայանի փոխարեն՝ Ռուսաստանը օգնելու է տասը տարով երկարաձգել հինը: Երևի կերկարաձգեն այնքան, մինչև Թուրքիայում կկառուցեն նոր ատոմակայանը: Դրանից հետո Մոսկվան Հայաստանի ատոմակայանը փակել կտա:

Չի բացառվում, որ հենց այս պայմանով էլ թուրքերը համաձայնել են ռուսների հետ իրականացնել այս նախագիծը: Գաղտնիք չէ, որ Անկարան երկար տարիներ է՝ ուզում է հայկական ատոմակայանի հարցերը լուծել: Եվրամիությանն ուղղված կոչերով այդ հարցերը չեն լուծվում, Եվրոպան այնքան էլ շահագրգռված չէ Թուրքիային, այսպես ասած, ձերբազատել հայկական ատոմակայանի գործոնից: Թուրքիան այս հարցում՝ ի դեմս Ռուսաստանի, կարծես թե գտել է ավելի հուսալի գործընկերոջ, և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանում նոր ատոմակայան չի կառուցում, որը կարժենա 5-6 միլիարդ, իսկ ահա Թուրքիայում 20 միլիարդ դոլարով նոր ատոմակայան է կառուցում:

Ավելին՝ Ռուսաստանը ըստ էության ոչ միայն չի կառուցում նոր ատոմակայան, այլ նաև Հայաստանին զրկել է հնարավոր կառուցողներ գտնելու շանսից՝ փաստաթղթային կերպով կնքելով նոր ատոմակայանի մասին համաձայնագիր, սակայն ոչինչ չանելով այն իրագործելու ուղղությամբ: Եթե նոր ատոմակայանի կառուցման իրավունքը վերցրել է Մոսկվան, ապա պարզ չէ՞, որ ոչ մի այլ դոնոր չի գտնվի, որը գումար կտա ատոմակայանի համար:

Եվ ուրեմն Մոսկվան Հայաստանին ուղղակիորեն խանգարում է նոր ատոմակայան ունենալ, և սա գրեթե կասկածից վեր է: Սա Ռուսաստանին իր տարածքում ատոմակայանի նախագծի իրավունք տրամադրելու թուրքական պայմանն է:

Փաստորեն, Ռուսաստանում տեղի ունեցած հանդիպմանը, վերահաստատելով ատոմակայանի նախագծի իրականացման փաստը, Ռուսաստանը մեկ անգամ ևս վերահաստատեց Թուրքիայի այդ պայմանը՝ Հայաստանն աստիճանաբար զրկել ատոմային էներգետիկայից:

www.1in.am

Դիտվել է 341 անգամ
 


Այս թեմայով