Հայաստան ներմուծվում է ոչ թե ադրբեջանական այլ ադրբեջանցիների աճեցրած ձմերուկ

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստան է ներմուծվում ադրբեջանական ձմերուկ, սակայն պատկան մարմինները հերքում են այս լուրը։

Այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա):

Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում»:

Մենք փորձեցինք կապ հաստատել այսպես կոչված «Մեյմանդարի» շուկայում առևտուր անող գյուղացիների հետ, կարծես թե այս շուկայից էր տարածվել ադրբեջանական ձմերուկի մասին լուրերը։

Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկրված ձմերուկի վաճառքով զբաղվող առևտրականներին հարցրել է, թե որտեղից են բերել ձմերուկի խմբաքանակը։ Գյուղացուն պատասխանել են, որ ձմերուկը գնել են Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանցիներից (Մառնեուլի շրջանի բնակչության 80%-ից ավելին ադրբեջանցիներ են) ։

Ահա թե որտեղից են ծագել այն լուրերը, որ Հայաստան է ներմուծվում ադրբեջանական ձմերուկ։

Այս թեմայով