Հայաստանցի գործարարները Քուրդիստանում դժվարություններ չեն ունենա, եթե տարեվերջից վերականգնվեն միջազգային ավիաչվերթները

Ամիսներ առաջ Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանում տեղի ունեցավ անկախության հարցով հանրաքվե, որի արդյունքում անկախությանը կողմ քվեարկեց բնակչության 93%-ը, իսկ Բաղդադը հրաժարվեց ճանաչել արդյունքները, համարելով, որ այն անցկացվել է միակողմանիորեն և հակասել է Իրաքի սահմանադրությանը: Այժմ Քուդիստանում տիրող իրավիճակի մասին, Politik.am-ի թղթակիցը զրուցեց արևելագետ Բորիս Մուրազիի հետ, ով այս  օրերին գտնվում է Իրաքում:

Ի՞նչ իրավիճակ է Քուրդիստանում` անկախության հանրաքվեին հաջորդած քաղաքական ճգնաժամի հետևանքով, պարոն Մուրազի.

-Պետք է նկատել, որ այս պահին Քուրդիստանում, ռազմական առումով իրավիճակը խաղաղ է: Բաղդադի կենտրոնական իշխանության ենթակայության  տակ գտնվող և քրդերի ենթակայության տակ գտնվող զինված ուժերի միջև բախումներ չկան: Այս պահին քաղաքական բանակցություններ են ընթանում, որոնք դեռևս զգալի արդյունքի չեն հասնում: Պետք է նշել, որ այս ճգնաժամը, բացասական հետևանք է թողել Քուրդիստանի տնտեսության վրա, օրինակ վերջին մեկ ամսվա ընթացքում, մայրաքաղաք Էրբիլում փակվել են ավելի քան 350 սուպերմարկերտներ:

Բանակցություններ ընթանու՞մ են Բաղդադի և Էրբիլի միջև, և Ձեր գնահատմամբ, ե՞րբ համաձայնություն կգան կողմերը

-Ինչպես սկզբում նշեցի, բանակցություններ  ընթանում են Բաղդադի և Էրբիլի միջև, սակայն շոշափելի արդյունքներ չեն գրանցել: Կարելի է շոշափելի արդյունք համարել այն, որ ռազմական բախում չկա կողմերի միջև, բայց հիմնական սահմանափակումները գործում են: Քուրդիստանի համար առաջին խնդիրն այն է, որ միջազգային ավիաչվերթները դեպի Քուրդիստան արգելված են, և մինչ այսօր չկա նման թույլտվություն և այս քայլը ևս մեծ հարված է հասցրել տնտեսական ակտիվությանը : Սակայն կան խոսակցություններ, որ միջազգային ավիաչվերթները կարող են վերականգնվել: Վերջերս վարչապետ Նեչիրվան Բարզանին այս առիթով բանակցություններ էր վարում Բաղդադում, որը կարծում եմ մինչ նոր տարի իր արդյունքը ցույց կտա: Միջազգային ավիաչվերթների վերականգնումը՝  Քուրդիստանին կվերադարձնի նախկին կարգավիճակին: Իհարկե տարածքային կորուստները չհաշված, որովհետև այն շրջանները՝ Քիրքուկը, եզդիաբնակ Սինջարը, Մահմուրը, Խուրմատուն   վերջնականապես վերջիններիս վերահսկողությունից դուրս է եկել. հնարավոր է ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ քրդերն ու արաբները միասին ղեկավարեն, սակայն միայն քրդերի վերահսկողության ներքո այդ տարածքները այլևս չեն վերադառնա:

Ի՞նչ իրավիճակ է եզդի համայնքի շուրջ կատարվում, որքանո՞վ  է նրանց անդրադարձել այս ճգնաժամը.

-Ճգնաժամը չի շրջանցել եզդի համայնքին ևս, և առաջին հերթին եզդիաբնակ Սինջարի տարածաշրջանը բավականաչափ ակտիվ կոնֆլիկտային գոտի կարելի է համարել , սակայն պետք է նկատել, որ ի տարբերություն Քիրքուկ նահանգի, Սինջարում ռազմական բախումներ տեղի չունեցան , քանի որ եզդի զինվորականները իրենց մեջ որոշեցին, որ որևէ կողմից կրակոց չի լինի և այդպես էլ ռազմական բախում տեղի չունեցավ: Այս պահի դրությամբ քրդական զորքերը դուրս են եկել Սինջարից , սակայն եզդիական բանակային հրամանատարությունը ամեն բան անում է, որպեսզի արաբական զինվորական միավորումը ևս դուրս գա Սինջարից: Կարծում եմ այդ գործընթացը ևս կհաջողվի, քանի որ արաբներն էլ շահագրգռված չեն մնալ Սինջարում, բայց պայմանով որ քրդական զինվորները չպետք է վերադառնան Սինջար և եզդիները իրենք պետք է վերահսկեն այդ տարածքը:

Այս ֆոնին շարունակում է մնալ փախստականների հարցը, ավելի քան 3000 եզդի գերիների հարցը, տարածքներում ականազերծման աշախատանքներ կատարելու հարցը :

 Հայտնի է, որ մինչ առաջացած ճգնաժամը Հայաստանցի մի շարք գործարարներ, ակտիվ գործունեություն էին ծավալում Քուրդիստանում, արդյո՞ք այս պահին առկա է այդ ակտիվությունը, թե՞ խնդիրներ Հայաստանի գործարարների համար ևս կան 

-Հայաստանցի գործարարների համար այստեղ էական խնդիրներ չկան, միակ խնդիրը այս ճգնաժամի արդյունքում առաջացած շրջափակումն է, միջազգային ավիաչվերթների փակումը, ինչը դժվարություն է առաջացնում ապրանքափոխադրման առումով, քանի որ ապրանքները պետք է հասնեն Քուրդիստան՝ Իրանի կամ Թուրքիայի ճանապարհներով , իսկ մենք գիտենք, որ այս երկրները խնդիրներ են առաջացնում ծխախոտի և ալկոհոլի տեղափոխման համար: Եվ այս առումով կարելի է փաստել, որ խնդիրներ կան, բայց կարծում եմ միջազգային ավիաչվերթների վերականգնման դեպքում, ինչը նախատեսվում է տարեվերջին, հայ գործարարները կկարողանան շարունակել իրենց ակտիվ գործունեությունը Իրաքի քրդական տարածքում:

 

Այս թեմայով