Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է մեկնարկում

Բնապահպանության նախարարությունը Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է նախաձեռնում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև մարզի մակարդակով և որոշակի ժամանակահատվածում արդեն, կարծում ենք, Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է»,- նշեց նախարարը:

Ծրագրով նախատեսվում է այդ համայնքի բնակիչներին բաժանել կտորից տոպրակներ, այլ միջոցառումներ իրականացնել մեկանգամյա օգտագործման պլաստիկներից հրաժարվելու համար: Ինչպես նաև նախատեսվում է պլաստիկ շշերի վերամշակում իրականացնել:

«Մենք այս պահին չենք կարող արգելելու մասին հայտարարել և անել, բայց գործընթաց է մեկնարկում: Մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը աշխարհի շատ երկրներում շատ արագ տեմպերով սկսում է արգելվել: Ընդ որում, իմ անձնական կարծիքով՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում այն արգելվելու է ամբողջ աշխարհում»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նա հավելեց, որ այդ ծրագրի իրականացման համար ֆինանսավորում կա. «Ֆինանսավորում ունենք միջազգային գործընկերներից, բյուջեից փող չենք վերցնելու»։

Այս թեմայով