Հայաստանն ու Ադրբեջանը 700 միլիոն դոլարի զենք են գնել

  2016-2017 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը 700 միլիոն դոլարի զենք են գնել։ Այդ մասին նշված է «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զեկույցում, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

Կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը 2016-2017 թվականների ընթացքում զենքի ներմուծման առումով աշխարհում 54-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունը 124 միլիոն դոլարի զենք է գնել։

Իսկ Ադրբեջանը 27-րդ տեղում է` երկու տարվա ընթացքում այդ երկիրը 551 միլիոն դոլարի զենք է գնել։

Հաշվետվության համաձայն` Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ն ապահովել է Ռուսաստանը: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը գնել է BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր), Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր), 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարները Ռուսաստանն ու Իսրայելն են։ Իսկ 2017 թվականին Ադրբեջանն Իսրայելից 4 միավոր OPV-62 ռազմանավ, 40 միավոր Orbiter-1K անօդաչու թռչող սարք (ներառյալ երկրում արտադրվածները), 215 միավոր Spike-NLOS հակատանկային հրթիռ է գնել:

Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ՝ 36 միավոր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ՝ 40 միավոր, 9Մ123/ԱՏ-15 հակատանկային հրթիռներ՝ 800 միավոր, 9Պ157-2 Քրիզանտեմա-Ս հակատանկային համալիրներ՝ 24 միավոր:

Բաքուն նաև գնումներ է իրականացրել Սլովակիայից` այդ երկրից ներկրելով 18 միավոր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգ: Չեխիայից Բաքուն ներկրել է 10 միավոր 122-մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայան։

 


Այս թեմայով