Հայաստանն արդեն 3 միլիոն ժողովրդով պետություն չէ. Տիգրան Սարգսյան

տիգրանԵվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն 3 միլիոն ժողովրդով պետություն չէ, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք: Այդ մասին Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»­ ներդրումային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանում` որպես ԵԱՏՄ անդամ­պետությունում ներդրում կատարելով՝ դուք դուրս եք գալիս հսկայական տարածք, որտեղ գործում են չորս հիմնական «ազատություններ»` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,­ ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ասել է Տիգրան Սարգսյանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խոսքով` չնայած նրան, որ վերջին շրջանում ԵԱՏՄ անդամ­պետություններում քիչ աշխատանք չի տարվել այդ չորս «ազատությունների» ապահովման համար, դեռևս կա անելու շատ բան, որպեսզի դրանք վերջնականապես ներդրվեն միության ողջ տարածքում:

Սակայն, ինչպես շեշտել է Տիգրան Սարգսյանը, անդամ 5 պետություններն ունեն վճռականություն` ԵԱՏՄ­-ն դարձնելու լիարժեք ու ժամանակակից տնտեսական միավորում: Սարգսյանի խոսքով` ԵԱՏՄ­-ն հանդիսանում է երիտասարդ ինտեգրացիոն միություն, որում նորմերը և օրենքները գտնվում են ակտիվ մշակման և ներդրման փուլում: «Դրա հետ կապված` ներդրողները կարող են իրենց հետ բերել փորձ և լավագույն պրակտիկան` այդ նորմերի մշակման գործընթացում»,­ ասել է նա:

Տիգրան Սարգսյանը շեշտը դրել է նրանում, որ ԵԱՏՄ­ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավորում է՝ բաց համագործակցության համար յուրաքանչյուր երկրի հետ: «Մենք պաշտպանում ենք ավելի լավ փոխգործակցությունը, մենք չենք փակում, այլ բացում ենք շուկաներ, քանի որ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն է`բարելավել մեր երկրների քաղաքացիների կյանքի որակը»,­ ընդգծել է Սարգսյանը:

 


Այս թեմայով