Հայաստանն այսօր հարուստ է իր Սփյուռքով, որը նրան դարձրեց համաշխարհային երկիր. Միկայել Ժան

Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ. այն հարուստ է իր Սփյուռքով, որը Հայաստանը դարձրեց համաշխարհային երկիր: ՖՄԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ այսպես ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

«Շառլ Ազնավուրն այդպիսի մի հայ էր: Եվ այսպիսով, պարո՛ն վարչապետ, աշխարհն է գտնվում Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի աշխարհը, և մեզ համար մեծագույն երջանկություն է հյուրընկալվել այստեղ»,– ասաց նա՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Միկայել Ժանի խոսքով՝ հայոց հողում իրենց ամեն ինչ պարտավորեցնում է հիշատակման արարողության և նաև սթափության:

Խոսելով Ֆրանկոֆոնիայի դերի մասին՝ կառույցի Գլխավոր քարտուղարը նշեց, որ միշտ չէ, որ իրենք կարողացել են լուծել հարցերը: Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիան հիմնվել է գաղութատիրական կարգերի վրա՝ կարողանալով վերածնունդ ապահովել անդամ երկրներից յուրաքանչյուրի համար:

«Ֆրանսերենը դարձավ մեր լեզուն, այն փոխանցեց մեզ մարդասիրական ուժ, այն կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և միաժամանակ հավասարազոր հարգանքը, որպեսզի կարողանանք լավագույնս դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան, լինելով քաղաքական դրույթ, մշտապես պետք է օգնի իր անդամ երկրներին ժողովրդավարության տարածման, առճակատումների վերացման գործընթացում:

Այսօր էլ, ըստ նրա, պետք է կատարվի Ֆրանկոֆոնիայի գործողությունների ամփոփումը:

«Մենք կարողացել ենք ոչ միայն դիմակայել մարտահրավերներին, այլև ծնել նոր արժեքներ»,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, եղած մարտահրավերներին դիմագրավելու համար հարց է առաջանում, թե արդյոք պատրաստ ենք այսօր կրկնելու այն հիմնարար գաղափարները, որոնք միավորել են ֆրանկոֆոն երկրներին:

«Մենք այսօր ականատես ենք լինում ժողովրդավարական հեղափոխության մետաստազների, ոչ մի մայրաքաղաք հեռու չի մնում դրանից: Մենք տեսնում ենք ծայրահեղականության առաջընթացն ամենուր, մենք տեսնում ենք անարդարությունների առաջխաղացումը, մենք տեսնում ենք հետընթաց խաղաղության: Մենք ականատեսն ենք լինում պատերի: Մենք տեսնում ենք միջազգային կազմակերպությունների վրա հարձակումներ: Կցանկանայի, որ այսօր բոլորս մեզ հարց տայինք, թե պատմության որ մասում կուզեինք լինել: Կուզեի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին խաղալիքներ ուրիշների ձեռքում: Արդյոք մենք պատրա՞ստ ենք, որ գաղափարախոսությունները լուծարվեն հանուն ռեալ պոլիտիկի:  Արդյոք մենք պատրա՞ստ ենք թողնել, որ համեմատական մշակութայնությունը հաղթի: Արդյոք մենք պատրա՞ստ ենք թողնել, որ էգոիզմը, կարճատես տնտեսական ներդրումները հաղթեն գործընկերային երկխոսությանը: Այսօր մենք պետք է ընտրենք հակադարձելու և անտարբեր մնալու միջև, առաջընթացի և հետընթացի միջև»,- ասաց նա՝ ավելացնելով,- «Մենք քաջատեղյակ ենք, որ կոմպրոմիսները համարվում են հետընթաց»։

ՖՄԿ Գլխավոր քարտուղարն իր ելույթն ամփոփեց՝ նորից խոսելով Հայաստանի մասին. «Այս հայոց հողը՝ հույսի և հիշատակի կրողը, կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, և դա կախված է ձեզնից»,- ասաց նա:

Այս թեմայով