Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ:

ԱԺ-ից հայտնում են, որ նիստի արդյունքում երկու խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչը բարձր է գնահատում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձևավորված միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմները՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա քաղաքական երկխոսության շրջանակում:

Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունների և համագործակցության շարունակական զարգացման և ամրապնդման հարցում:

Միջազգային քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի հետ կապված կողմերն ընդգծել են մոտ կամ համընկնող դիրքորոշումների առկայությունը մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են աշխարհակարգի ձևավորման խնդիրներին՝ հիմնված բազմաբևեռության և միջազգային ինստիտուտների ամրապնդման, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների և նորմերի վրա:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Այս համատեքստում կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղ զարգացման ապահովմանը: Կողմերը նաև վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում առկա սկզբունքների վրա:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված հաջողությունները:

Կարևորվել է նաև փոխադարձ տնտեսական ինտեգրման խորացման և զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միության՝ որպես արդյունավետ և մրցակցային միավորի նպատակներին և խնդիրներին հասնելու համար:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության խնդիրներին՝ կողմերը կարևորել են համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում, առավել արդյունավետ փոխգործակցության համար միջխորհրդարանական հարթակներում գործողությունները համակարգելու պատրաստակամություն են հայտնել:

Որպես պետության արտաքին քաղաքականության անքակտելի տարր՝ կողմերը մեծապես կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը, ընդգծել համատեղ նիստերի անցկացման պրակտիկան՝ դիտարկելով դրանք որպես հնարավորություն՝ ազդակներ հաղորդելու ազգային օրենսդրությունների զարգացմանը և ներդաշնակեցման գործընթացներին, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ համատեղ նիստն անցկացնել Երևանում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում:

 


Այս թեմայով