Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։
Հայաստանի և Մալիի արտգործնախարարներն անդրադարձել եբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերին։ Այս համատեքստում Մալիի ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայում տեսանելի է կազմակերպության անդամների համար, ընդգծել է անցյալ տարի Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Նախարար Դիոպը ներկայացրել է Մալիում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը՝ արժևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը: