Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են մեկ այլ հանդիպում անցկացնել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

«Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: Բրյուսելում նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող ներկա իրավիճակի մասին և քննարկել հիմնական բանակցություններում հաջորդ քայլերը: Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության ամրապնդման հնարավոր միջոցները», — ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցումը և ռազմական հռետորաբանության կանխումը:

Նրանք նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու կողմերին հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու հարցում՝ պահպանելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները, այդ թվում՝ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունն ու իրավունքի ինքնորոշումը:

 

Այս թեմայով