Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:

Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարևորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը:

Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Հայ-կիպրական փոխգործակցության խթանման գործում կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերը և համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ հանդիսանալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր ու կարևորել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրների լուծումը: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը:

Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում:

 Տպել

Այս թեմայով