Home » ՄԱՄՈՒԼ » Հայաստանի ռազմավարական սպառնալիքն ու դատավճիռը. «168 ժամ»

Հայաստանի ռազմավարական սպառնալիքն ու դատավճիռը. «168 ժամ»

Թուրքիան մեր հիմնական գործընկերն է. Պուտին«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում լավ չհասկացան ու, առավել եւս՝ համարժեք չգնահատեցին ռուս-թուրքական ջերմացման հերթական ակտը: Հայաստանում, բոլոր այն շրջանակներում, որոնք ի պաշտոնե ու հանգամանքների բերումով պարտավոր են հասկանալ ու գնահատել դա, բացակայում է ոչ միայն՝ համարժեքությունն ու գնահատելու կարողությունը, այլեւ օբյեկտիվությունը: Նույն այն օբյեկտիվությունը, որի պահանջով մի քանի ամիս թշնամացած երկու մեկուսացված պետությունները կրկին նետվեցին միմյանց գիրկը: Չհասկացան ու, առավել եւս՝ չգնահատեցին, որ Հայաստանը՝ ռուս-թուրքական հերթական սիրախաղի արդյունքում՝ հայտնվելու է «ապօրինի զավակի» կարգավիճակում (Ռուսաստանի կողմից, բնականաբար), որին ցանկացած պահի կարող են դուրս շպրտել՝ հանուն մյուսի՝ Թուրքիայի օրինական ու արյունակից «զավակի»՝ Ադրբեջանի:

Չհասկացան ու, առավել եւս՝ չգնահատեցին, որովհետեւ իրենք են Հայաստանը հասցրել այդ կարգավիճակին: Չհասկացան ու, առավել եւս՝ չգնահատեցին, որովհետեւ չհասկանալու ու չգնահատելու համար են շարունակում լինել այն իշխանությունը, որը Հայաստանն առկախել է քմահաճույքից, բախտից՝ ռուս-թուրքական հարաբերություններից, Պուտինի կամ Էրդողանի կամքից, ամեն ինչից, բացի սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունից: Չհասկացան ու չգնահատեցին, դրա համար էլ շարունակում են Հայաստանը պահպանել Եվրասիական միությունը կոչվող ռուս-թուրքական հավաքատեղիում:

«Ղազախստանն ու Ադրբեջանը կարեւոր դեր են խաղացել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ շնորհակալություն հայտնելով Նազարբաեւին ու Ալիեւին: Չավուշօղլուի շնորհակալությունն իրականում Հայաստանի դատավճիռն է, այն բանի արձանագրումը, որ Հայաստանը գտնվում է մի կառույցում, որի անդամների մի մասն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված է եղբայրաբար, մյուսները՝ ռուսներն ու բելառուսներն էլ՝ ճակատագրով, աշխարհաքաղաքական շահով ու իզգոյությամբ: Ու մինչ Չավուշօղլուն արձանագրում է այդ իրողությունն ու շնորհակալություն հայտնում Ալիեւին, Հայաստանի պաշտոնյաները շարունակում են բոլորին համոզել, որ, եթե Հայաստանը չմտներ ԵՏՄ, ապա ավելի վատ կլիներ:

Հայաստանը ողբերգականորեն կախված է պատահականություններից ու ուրիշների քմահաճույքից: Բարեկամների ու թշնամիների: Բայց ավելի շատ՝ թշնամիների: Ինչպես, օրինակ՝ Էրդողանը, որի՝ Պուտինին ուղղված մի ներողությունը բավական էր, որպեսզի Հայաստանը կրկին հայտնվի ռուս-թուրքական բարեկամությանը զոհաբերվելու սպառնալիքի ներքո: Ո՞ր կողմից կգա այդ սպառնալիքը՝ երկրորդական է. գուցե Ղարաբաղից, կարող է՝ Նախիջեւանի կողմից, հնարավոր է՝ ավելի մոտիկից, քան պատկերացնում ենք:

Այդպես է լինում, երբ պետությունը դարձնում են հատկապես այնպիսի երկրի վասալ, որը պատմականորեն, աշխարհաքաղաքական շահերով ու մնացյալով կապված է այն թշնամու հետ, որից փրկելու միֆական անփոխարինելիության վրա կառուցել է իր հետ թվացյալ բարեկամությունը, որը հայերն այդքան գորովանքով անվանում են ռազմավարական դաշնակցություն:

Հայ-ռուսական հարաբերություններն այս տեսքով ու բովանդակությամբ վերածվել են Հայաստանի համար ռազմավարական սպառնալիքի: Բայց դա չեն հասկանում ու, առավել եւս՝ չեն գնահատում: Որովհետեւ չհասկանալու ու, առավել եւս՝ չգնահատելու համար Ռուսաստանը վճարում է: Մեկին՝ իշխանությամբ, մյուսներին՝ իշխանության գալու հույսերով, մնացածներին՝ կայսերական գործակալի սնափառությամբ: Իսկ հասարակությունն այս ամենին հետեւում է անտարբերությամբ ու հերթական անգամ իրական հայրենիքը պատմականի վերածելու ենթագիտակցական հույսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 131 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy