Հայաստանի հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ են արձանագրվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոպիտ խախտումներ է արձանագրել հոգեբուժարաններում:

«Թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով` մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են:

«Օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ», — նշեց նա:

Արման Թաթոյանի խոսքով` հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, իսկ մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետներ, օրինակ, մանկական հոգեբույժներ:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ գիշերային ժամերին չկա հոգերբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում նաև՝ Երևանում:

«Մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում. պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը, բացակայում են այդ մարդկանց կենսաթոշակ տրամադրելու ու վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները», — ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը:

Նա նշեց, որ վերհանված խնդիրները, ուսումնասիրության արդյունքներն , ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին:

Արման Թաթոյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունից պարզաբանումներ ստացել են, Սոցապնախարարությունից ստացել են պատշաճ արձագանք ուղղված խնդիրների լուծմանը, իսկ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից ստացել են մարզպետարաններից պարզաբանումներ:

«ՄԻՊ-ի զեկույցը որևէ նպատակ չունի գնահատական տալ բժիշկների աշխատանքին, այն նպատակ ունի՝ վեր հանելու սպասարկման ոլորտի խնդիրները», — ընդգծեց Արման Թաթոյանը:

 


Այս թեմայով