Հայաստանի համար պայքարը թեժանում է

HajastanԱրդեն բավական երկար ժամանակ է, ինչ ռուս-արևմտյան հարաբերությունները գտվում են լարվածության գագաթնակետում: Երկու կողմից էլ հնչում են նախապատերազմական բնույթի հայտարարություններ։ Օրինակ` ԱՄՆ-ը սպառնում է հարվածներ հասցնել սիրիական բանակին, որը, ինչպես գիտենք, Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմավարական համբերությունը սպառվում է: Օր-օրի ավելի է թեժանում ռուս-ամերիկյան հակամարտությունը, բանը հասել է նրան, որ կողմերն իրար հակադրվելու համար օգտագործում են իրենց վետոյի իրավունքը ՄԱԿ-ում և տապալում մարդասիրական որոշումներ: Ինչպես հայտնի է, Հայաստանը հետաքրքրում է և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին: Ռուսաստանը համարում է, որ արդեն «գրավել է» Հայաստանը, իսկ Արևմուտքը դեռ հույսը չի կորցնում, որ կարող է վերադարձնել այն, քանի որ Ռուսաստանը մեկ օրվա ընթացքում փոխեց Հայաստանի կուրսը ( 3 սեպտեմբերի, 2013թ ): Արևմուտքը, տեսնելով Հայաստանի ծանր ֆինանսատնտեսական վիճակը, որոշել է շատ փող բերել Հայաստան և փողով լուծել իր հարցերը:

Սկզբի համար ներդրումները լինելու են հասարակական օղակներում, փորձ է արվելու ըմբոստացնել հասարակությանը և հակառուսական հուզումներ արթնացնել: Փողի հաջորդ մասնաչափը բաժին է հասնելու լրատվամիջոցներին, որոնք արդեն սկսում են ընդգծվել: Երեկ Հայաստանի առաջատար լրատվականներից մեկը հայտարարություն տարածեց այն մասին, որ իր առջև նոր առաջնահերթություններ է սահմանել, և հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։

Ըստ հաղորդագրության՝ ներկա հանգրվանում լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը։ Սա արդեն նորություն է հայկական լրատվական դաշտում, երբ լրատվականը բացեիբաց հայտարարում է իր ուղղվածության մասին: Հաջորդ` ամենամեծ մասնաչափը բաժին է ընկնելու քաղաքական ուժերին, որոնք պետք է փորձեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել ռուսամետ ուժերին և այդ կերպ փոխեն Հայաստանի կուրսը: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն Արևմուտքի համար շատ կարևոր են, և ամեն ինչ պետք է անեն, որ կարողանան «գրավել» Հայաստանը:

Հեղինակ` Գոռ Դավթյան

 

Դիտվել է 2,156 անգամ
 


Այս թեմայով