Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում

«2015 թ. երբ Իրանի դեմ պատժամիջոցները հանվեցին, Իրանի տնտեսությունը տպավորիչ թռիչք ունեցավ։ ՀՆԱ-ի աճը տարեկան հասավ 13-14 տոկոսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Իրանն աճի շատ արագ պոտենցիալ ունի, կարող է դառնալ ռեգիոնալ լուրջ խաղացող. «Իրանը փակ տնտեսություն է, վերջին պատժամիջոցներն աննախադեպ են իրենց ազդեցությունների առումով։ Թրամփի իշխանության գալուց հետո, երբ սկսեցին այս պրոցեսները, Իրանի տնտեսությունը սկսեց անկում ապրել, և այժմ նորից նույն ելման կետին է։ Տնտեսական աճը -2 տոկոսի սահմաններում է՝ այս տարվա 8 ամիսների տվյալներով, գնաճը 47-48 տոկոս է, գործազրկության շատ բարձր մակարդակ կա՝ 1/3-ից ավելին»։

Ինչ վերաբերում է այս ամենի ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վրա, Մարգարյանն ասաց, որ կարող են ենթակառուցվածքային ծրագրերը տուժել. «Բայց մյուս կողմից՝ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում։ Իրանը ստիպված է ավելի լիբերալացնել իր արտաքին առևտրային ռեժիմը ԵՏՄ գործընկերների հետ։ Այս տարի կնքվեց այդպիսի համաձայնագիր, որն այդքան էլ հաջող ընթացք չունի, բայց Իրանը հավելյալ պարտադրանքի տակ է այս ուղղությամբ։ Հայաստանի տնտեսության լիբերալացումը, մրցակցային հնարավորությունների ստեղծումը կաշխուժացնի կապերն իրանական ուղղությամբ, ներդրումային նոր հնարավորություններ կստեղծի։ Բայց ընդհանուր առմամբ, իրանական տնտեսության վերաբերյալ կանխատեսումները նեգատիվ են»։

Պատժամիջոցների ռեժիմի պայմաններում, նրա խոսքով՝ իրանական կողմից հնարավոր է՝ լինեն բացառություններ՝ Հայաստանին վերաբերող գործարքների մասով. «Եթե Իրանին, ենթադրենք, արգելում են նավթի մեծածավալ գործարքները, ապա այս իրավիճակում, շատ հնարավոր է՝ ավելի դյուրին դառնա այստեղ նավթի վերամշակման գործարան կառուցելու նախագիծը»։

Այս թեմայով