Հայաստանի իշխանությունը 12.000 եվրո պետք է վճարի հայցվորին. ՄԻԵԴ վճիռ

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 12.000 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից:

   Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Երևանում բնակվող 1948 թվականի ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Մովսիսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2009 թվականի ապրիլի 22-ին:
Հայցվորը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել նրա դստեր մահվան վերաբերյալ:  Ալբերտ Մովսիսյանի դուստրը՝ Կ.Մ.-ն (ծնված 1985 թ. ) հղիության առաջին շաբաթներում էր, երբ 2007 թվականի սեպտեմբերի 7-ին տանը, որտեղ էր ծնողների և ամուսնու հետ, կորցրել է գիտակցությունը և սկսել է ջղաձգումներ ունենալ: Նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, որը ժամանել է 40-45 րոպե անց: Ժամանելուց հետո շտապօգնության բժիշկը հայտնաբերել է աղջկան գրեթե անգիտակից վիճակում՝ շնչառության խանգարումով և ցածր արյան ճնշմամբ: Նրան ընտանիքի անդամները հայտնել են, որ Կ.Մ.-ն հղի է: Բժիշկը ռելանիումի և մագնեզիումի երկու ներարկում է  արել և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Նշվում է, որ ոչ բժիշկը, ոչ բուժքույրը, ոչ վարորդը չեն օգնել ընտանիքի անդամներին Կ.Մ.-ին իջեցնել շենքի ութերորդ հարկից և տեղավորել ավտոմեքենայում: Բացի այդ բժիշկը որոշել է չնստել հիվանդի կողքը հիվանդանոց տանող ճանապարհին, և նախընտրել է նստել վարորդի կողքը:

Սեպտեմբերի 14-ին Կ.Մ.-ն մահացել է հիվանդանոցում՝ չվերականգնելով գիտակցությունը:

 Հայցվորը դատական ատյաններում պնդել է, որ իր դուստրը մահացել է բժշկի կողմից անփութության պատճառով, ով նրան քիմիական նյութերի երկու ներարկում է արել, որոնց օգտագործումը հակացուցված էր հղիությանը և նրա վիճակին: Նա նաև պնդել է, որ շտապօգնությունը ուշացումով է ժամանել և չի ունեցել անհրաժեշտ բժշկական սարքավորումները, ինչպես նաև ընդհանուր առմամբ չի գործել պատշաճ ջանասիրությամբ:

   2008 թվականին հայցվորը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր բողոքը չընդունելու վերաբերյալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանը չի ընդունել նրա բողոքարկումը: Այնուհետև հայցվորը բողոքարկում է ներկայացրել Վճռաբեկ դատարան: 2008 թվականի հոկտեմբերի 30-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

    Հայցվորը մասնավորապես պնդում էր, որ հետաքննող մարմինը հաշվի չի առել իր կողմից գործում ներկայացված ապացույցները: Քննիչը որոշել է, որ անհրաժեշտ չէ քրեական գործ հարուցել չնայած նրան, որ շտապօգնության բժիշկը և բույժքույրը տվել են հակասող հայտարարությունններ, ինչպես եղել են ապացույցներ, բժիշկը կեղծել է փաստաթղթերը: Բացի այդ շտապօգնության բժիշկը և բույժքույրը չեն հարցաքննվել դատարանի կողմից: Հայցվորը պնդել է, որ պետությունը չի գործադրել արդյունավետ դատական համակարգ, որը կկարողանար պատասխանատվության ենթարկել իր դստեր մահվան պատասխանատուներին:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, որը երաշխավորում է, որ «յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

 

 


Այս թեմայով