Հայաստանի գլոբալ թիրախը մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է

«Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող ճանաչվելու առիթով ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին են ներկայացրել կենտրոնի աշխատանքները: «ՁԻԱՀ-ի մարտահրավերներին արդյունավետ հակազդման միջոցով աշխարհում առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու շնորհիվ հաղթող ճանաչված պետական կառույց ունենալը մեր երկրի պատիվն է։ Շարունակաբար արձանագրվող ձեր հաջողությունները վկայում են, որ կոլեկտիվում կա ներդաշնակություն՝ դուք համախմբվում եք նախանշված ծրագրերի և գաղափարների շուրջ»,-ասել է նախարարն ու կարևորել հատկապես տնօրինության և նախաձեռնող խմբի նորարական մոտեցումները ՁԻԱՀ-ին հակազդման ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։ Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի աշխատանքները: «Հայաստանն այս տարի վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը և հաստատուն քայլերով ընթանում է ՄԱԿ-ի 2016-ին ընդունված Հռչակագրով և 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրով սահմանված թիրախներին հասնելու ուղիով: Իսկ գլոբալ թիրախը մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է»,-ասել է նա: Տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին մշտապես կենտրոնի ծրագրերը խրախուսելու և աջակցելու համար և հավաստիացրել է, որ շարունակելու են աշխատել նույն եռանդով։ ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում հաղթող ճանաչվելու և միջազգային ճանաչման արժանանալու գործում զգալի ներդրում ունենալու համար նախարարը կենտրոնի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով։ «Ես հավատում եմ, որ դուք կգերազանցեք ՄԱԿ-ի Հռչակագրով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական պլանով սահմանված թիրախներին հասնելու համար նախանշված ժամկետները»,-եզրափակել է Լևոն Ալթունյանը:

 


Այս թեմայով