Հայաստանը` Ռուսաստանի մարզի կարգավիճակում

Putin-Aliev-i-RohaniՌուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևն ընդունել են հռչակագիր Բաքվում եռակողմ գագաթաժողովի արդյունքների հիման վրա:

Փաստաթղթում նշվում է կողմերի պատրաստակամությունը «ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, միազգային կազմակերպված հանցավորությանը, զենքի, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց վաճառքին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելը»:

Բացի այդ, կողմերը ընդունում են, որ «տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները լուրջ խոչընդոտ են տարածաշրջանի համագործակցության համար և ընդգծում են դրանց կարգավորման կարևորությունը»` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

«Կողմերը կշարունակեն փոխշահավետ համագործակցության և իրավահավասար համակողմանի զարգացումը, ինչպես նաև կխորացվեն և կընդլայնվեն քաղաքական երկխոսությունները տարբեր մակարդակներով բոլոր այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասվում է հայտարարությունում:

Երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում` իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:

Շատերին, Հայաստանում զարմացրել է, այս հանդիպումը: Ոմանք չեն հասկանում, թե ինչու է Հայաստանը դուրս մնում տարածաշրջանային խոշոր նախագծերից, երբ կողմերից մեկը` Ռուսաստանի Դաշնությունը  ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը հայաստանցի շատ փորձագետների համոզմամբ Հայաստանի բարեկամ երկրների թվին է դասվում: Ավելին շատերը այս ընթացքում պնդում էին, որ Իրանը տարածաշրջանային երկրներից միայն Հայաստանի հետ է հեռահար պլաններ կազմում, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ մոտեցումը այդքան էլ այդպես չէ:

Այն որ Հայաստանը նման նախագծերում տեղ չունի, դա բնական է: Այս իշխանություների օրոք տարածաշրջանային երկրները համոզվել են, որ Հայաստանի հետ կապված բոլոր ծրագրերը,  առաջին հերթին պետք է քննարկվի Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում նրանց ջանքերը կարող են զուր վատնվել: Այս դեպքում բոլորի համար նախընտրելի է միանգամից պայմանավորվել ՌԴ-ի հետ ու ավելորդ ժամանակ չվատնել ՀՀ իշխանություններին որևէ բան համոզելու վրա:

Այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը անգամ Իրանի համար դիտարկվում է, որպես Ռուսաստանի Դաշնության մարզ: Իրավիճակը գնալով իհարկե վատանալու է և գուցե գա ժամանակ, երբ անգամ կոնկրետ Հայաստանի վերաբերվող հարցերը կքննարկվեն Ռուսաստանի իշխանությունների հետ:

Իհարկե այս ամենը փոխելու հնարավորություն կա: Այդ փոփոխությունը կարող է անել միայն ժողովրդի վստահության քվեն ունեցող, բանիմաց իշխանությունը:

Դիտվել է 497 անգամ
 


Այս թեմայով