Հայաստանը հակառակորդին կստիպի հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից. Սեյրան Օհանյան

7y1f8996.thumbՍեպտեմբերի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:
Շնորհավորելով ՀՀ-ում ՌԴ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը նրան մաղթել է նորանոր հաջողություններ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման գործում:
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին տեղեկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

 


Այս թեմայով