Հայաստանը կհանձնի 5 շրջան 7-ից, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները․ Իգոր Կորոտչենկո

Ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ով հայտնի դարձավ վերջին շրջանում Հայաստանի ու հայկական ղեկավարության մասին արած սկանդալային հայտարարություններով, ադրբեջանական OXU․az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ արդեն նշանակված կլինի ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարը, կառույցը կարող է հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ խաղաղարարական նախաձեռնություններով։ «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է եւ երբ վերջանա նոր Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է փորձագետը եւ մանրամասնել, որ ՀԱՊԿ-ի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կլինի իր իսկ բառերով ասած՝ «իդեալական տարբերակ բոլոր կողմերի համար»։ «Փուլային տարբերակը հարցի լուծման, այդպիսով կլինի լիովին հնարավոր։

Օրինակ, Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ այսպես ասած անվտանգության գոտում, կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի։ Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի բլոկադան եւ վերականգնում տնտեսական կապերը։ Հաջորդ փուլում Երեւանը կվերադարձնի մյուս երկու շրջանն էլ, ինչի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի, որ Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ոչ զինվորական տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել։ Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Հետո արդեն բուն Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Սա թերեւս ամենից բարդ խնդիրն է, որը կարելի է լուծել, եթե լինի քաղաքական կամք։ ԼՂՀ-ում նույնպես կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, որոնք կլինեն անվտանգության երաշխավորներ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան, կիրականացվի տեղի հայկական զորամիավորումների զինաթափում եւ ոստիկանական ուժերի կազմակերպում, որը կապահովի հանցավորության դեմ պայքարը, կարգուկանոնը եւ հայ ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»,- ասել է Կորոտչենկոն, մատնանշելով, որ Ֆրանսիան ու Գերմանիան մի քանի անգամ են պատերազմել իրար դեմ, սակայն հիմա խաղաղ գոյակցում են։ Անցումային փուլի համար փորձագետը առաջարկում է կիրառել «Հոնգկոնգ-Չինաստան» մոդելը։

Այսինքն թեեւ միջազգայնորեն ԼՂՀ-ն կհամարվի Ադրբեջանի մաս, սակայն կլինի ինքնուրույն բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանությունը, ինչի դիմաց Բաքուն մասշտաբային տնտեսական օգնություն կհատկացնի ԼՂՀ-ին, որից կօգտվեն նաեւ տեղի հայերը եւ վերադարձած ադրբեջանցի փախստականները։ Սրան զուգահեռ Բաքուն ու Երեւանը կնորմալացնեն իրենց հարաբերությունները եւ տասնամյակներով ձգվող թշնամությունը վերջապես կհասնի իր վերջնագծին։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը չափազանց կարեւոր է անվտանգության եւ փոխվստահության համար, առանց որի հակամարտությունը կարգավորելն անհնարին է։ Հայաստանն էլ կստանա անվտանգության երաշխիքներ, եւ իր աշխարհաքաղաքական վիճակի չվատացում, ինչպես նաեւ տնտեսական արտոնություններ»,- ասել է Կորոտչենկոն։

Անդրադառնալով, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցին` ռուս փորձագետը ասել է, որ դրանք «հալից ընկած» տարածքներ են, որոնք զբաղեցնում են հայկական զինված միավորումները, եւ Հայաստանը դրանք վերադարձնելով՝ կստանա բլոկադայի վերացում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հատկապես որ այդ տարածքները Երեւանը մտադիր է բանակցություններում օգտագործել եւ մեծ պլաններ դրանց հետ չի կազմում։

Այս թեմայով