Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի ջանքերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղձեր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման և խորացման համար:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ եւ հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ բարօրություն»:

Այս թեմայով