Համարձակության պակաս

ԱրթուրԱԺ ՀՀԿ-ական պատագամավոր Արթուր Գևորգյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում գնահատել էր արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը: Պատգամավորը հայտարարել էր, որ տրամաբանական էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, քանի որ Աբրահամյանին վստահել են, իսկ ինքը չի արդարացրել հույսերը.«Տրամաբանական է, որովհետև եթե հանձն ես առնում մի գործառույթ, եթե քեզ վստահում են մի բան, պետք է կարողանաս լավագույնս անել։ Ինչպես հայտարարեց նախկին վարչապետը, կարիքը կա, որ ինքը հեռանում է», հայտարարել էր պատգամավորը՝ ավելացնելով, որ Հովիկ Աբրահամյանը չէր կարողանում խնդիրներ լուծել:

Իհարեկ պատգամավորը իր գնահատականներում ճիշտ է: Հովիկ Աբրահամյանը չէր կարողանում ադեկվատ արձագանքել տնտեսության առաջ ծառացած խնդիրներին,  սակայն կարևոր է հասկանալ, թե ով է գնահատում նախկին վարչապետին: Արթուր Գևորգյանը ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկն է: Գարնանային նստաշրջանի ընթացքում նա բացակայել է 104 անգամ կամ նիստերի 92 տոկոսին չի մասնակցել: Պատգամավորը 6 անգամ է, մասնակցել քվեարկություններին, որից մի քանի անգամ կողմ է քվեարկել հենց Հովիկ Աբրահամայնի կառավարության ներկայացրած նախագծերին:

Հիմա հետաքրքիր է, եթե Արթուր Գևորգյանը այդքան օբյեկտիվ ՀՀԿ-ական էր, ապա ինչու Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք չէր քննադատում նրան կամ նրա գործունեությունը: Ինչու այն ժամանակ, որպես ժողովրդի դարդերով տապակվող պատգամավոր չէր ասում,  որ կառավարությունը սխալ է աշխատում:

Արթուր Գևորգյանը  գործող  իշխանության դասական ներկայացուցիչ է: Նա կարողանում է զգալ ճիշտ ժամանակը և փոխել իր «գլխարկը»:  Հիմա Արթուր Գևորգյանը քննադատում է Հովիկ Աբրահամյանին, իսկ երբ Կարեն Կարապետյանը հրաժարական տա,  ապա քննադատության թիրախը նա  կդառնա:

 


Այս թեմայով